Բավ է պառակտվել
10-11-2016 13:43

Հենրիխ Մխիթարյանը անվանական մարզաշապիկ է հանձնել Արթուր Ալեքսանյանին

Նախօրեին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, օլիմպիական չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:

ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպումը տեղի էր ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հրավերով:

Նորանոր հաղթանակների բարեմաղթանքներով Ալեքսանյանին ողջունել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Իր հերթին Արթուր Ալեքսանյանը հաջողություն է մաղթել մեր թիմին Չեռնոգորիայի հետ խաղում՝ հույս հայտնելով, որ տղաներին կհաջողվի ուրախություն պարգևել մեր երկրպագուներին», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման վերջում Հենրիխ Մխիթարյանը անվանական մարզաշապիկ է հանձնել Արթուր Ալեքսանյանին:

Աշխարհի 2018 թ. առաջնության Հայաստան-Չեռնոգորիա ընտրական հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։