Բավ է պառակտվել
17-08-2016 07:11

Արթուր Ալեքսանյանի մարզաշապիկին ապրիլյան պատերազմում հերոսացած Ռոբերտ Աբաջյանի նկարն էր

Ռիոյի Օլիմպիադայում ոսկե մեդալ նվաճած ըմբիշ Արթուր Ալեքսանյանի մարզաշապիկին ապրիլյան պատերազմում հերոսացած Ռոբերտ Աբաջյանի նկարն էր։

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) դարձավ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ oլիմպիական ամառային խաղերի չեմպիոն։

Եզրափակչում Արթուրը մենամարտեց կուբացի ըմբիշ Լուգո Կաբրերայի հետ, որին հաղթեց 3։0 հաշվով:

19–ամյա Ռոբերտ Աբաջյանը զոհվել է ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ։ Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ` միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն` Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս գալիս և ասում, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։