Բավ է պառակտվել
23-12-2015 11:43

Արթուր Ալեքսանյանը՝ Հայաստանի լավագույն մարզիկ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքում ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիկ, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը: Հարցմանը մասնակցել են 34 մարզական լրագրողներ: Երկրորդ տեղում է հայտնվել Բաքվում կայացած Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում արծաթե մեդալ նվաճած Միհրան Հարությունյան, իսկ մարմնամարզության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը եզրափակել է լավագույն եռյակը: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վերջին շրջանում հրաշալի խաղ է ցուցադրում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում եւ արժանանում եվրոպական մամուլի բարձր գնահատականին, տեղ չի գտել նույնիսկ լավագույն տասնյակում: Տարվա լավագույն թիմ է ճանաչվել շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը:

Հիշեցնենք, որ այս տարի Արթուր Ալեքսանյանը պաշտպանել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հայաստանի 10 լավագույն մարզիկները 2015-ին

1. Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ - 339 միավոր

2. Միհրան Հարությունյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ - 267

3. Հարություն Մերդինյան՝ սպորտային մարմնամարզություն - 265

4. Տիգրան Մարտիրոսյան՝ ծանրամարտ - 231

5. Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն - 113

6. Արման Երեմյան՝ թաեքվոնդո - 107

7. Տիգրան Կիրակոսյան՝ սամբո - 106

8. Արամ Ավագյան՝ բռնցքամարտ - 101

9. Անդրանիկ Կարապետյան՝ ծանրամարտ - 99

10. Սմբատ Մարգարյան՝ ծանրամարտ - 95

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են եւս 3 մարզիկների անուններ. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լեւոն Արոնյան (շախմատ, 35 միավոր) եւ Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ, 31 միավոր):