Բավ է պառակտվել
12-10-2016 16:37

Արոնյանը շարունակելու է պայքարել շախմատային թագի համար

Հայկական գրոսմայստեր Լևոն Արոնյանը ասել է լրագրողներին, թե ում է համարում իր գլխավոր մրցակիցը, ներկայացրել է իր առաջիկա ծրագրերը` հայտարարելով, որ մինչև վերջ պայքարելու է շախմատային թագի համար:

«Իմ գլխավոր մրցակիցը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն է, միայն նա է ինձնից առաջ: Մյուսները վատ չեն խաղում, սակայն ուժերի տարբերություն ես տեսնում եմ միայն նրա մեջ: Մյուսների հետ ես կարող եմ խաղալ հավասար և նույնիսկ նրանցից լավ», - ասաց Արոնյանը:

Նա ավելացրեց, որ կշարունակի պայքարել շախմատային թագի համար մինչև վերջ:

«Եթե ես չշարունակեի պայքարել, ապա կդադարեի խաղալ, քանի որ միայն առաջին տեղի համար պայքարի մեջ եմ տեսնում իմ` շախմատ խաղալու իմաստը», - ասաց նա: Արոնյանը հայտնեց, որ այժմ պատրաստվում է սպասվող երեք հեղինակավոր մրցաշարերին: Դա Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությունն է, որը տեղի կունենա նոյեմբերին, Լոնդոնում կայանալիք Grand Chess Tour-ի եզրափակիչ դեկտեմբերյան փուլը և Քաթարում սպասվող ռապիդի և բլիցի աշխարհի առաջնությունը:

«Ինձ համար շատ կարևոր է լոնդոնյան մրցաշարին մասնակցելը: Եվրոպայի ակումբային առաջնությունում հանդես կգամ իտալական թիմերից մեկի կազմում: Ինձ հետ միասին թիմում կխաղան ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, իսրայելցի Բորիս Գելֆանդը, հունգարացի Պետր Լեկոն: Մենք բավականին ուժեղ թիմ ենք և կպայքարենք մրցանակային տեղերի համար», - հայտարարեց Արոնյանը: