Sinquefield Cup-ում Արոնյանը պաշտպանում է անցյալ տարի այս նույն մրցաշարում նվաճած հաղթողի տիտղոսը:
Sinquefield Cup շախմատի գերմրցաշարի երրորդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի արդյունք է գրանցել ամերիկացի Ուեսլի Սոի հետ խաղում։
Արոնյանը Սոի հետ մրցել է սև խաղաքարերով և 29-րդ րոպեին համաձայնել ոչ-ոքի արդյունքի:
Երեք տուրից հետո Լևոն Արոնյանը 2 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-ական միավոր ունեն նաև Ուեսլի Սոն, Վիշվանաթան Անանդն ու Վեսելին Տոպալովը:
Ոչ-ոքի են ավարտվել նաև հնդիկ Վիշվանաթան Անանդ — ամերիկացի Հիկարու Նակամուրա, բուլղարացի Վեսելին Տոպալով — ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավ, հոլանդացի Անիշ Գիրի — չինացի Դին Լիրեն պարտիաները:
Շարունակվում է առաջին երկու տուրերում պարտություն կրած ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի և մեկ միավոր ունեցող ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի պարտիան:
Արոնյանը պաշտպանում է անցյալ տարի այս նույն մրցաշարում նվաճած հաղթողի տիտղոսը: Առաջին տուրում հայ գրոսմայստերը սևերով ոչ-ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի հետ, երկրորդ տուրում սպիտակներով հաղթել էր Պյոտր Սվիդլերին: