07-10-2016 17:02

«Ուրարտու»-ն պարտվել է Բասկետբոլի ՌԴ-ի Սուպերլիգա 1-ի մեկնարկային տուրում

«Ուրարտու» բասկետբոլային ակումբը պարտվել է «Ռյազանին» Բասկետբոլի Ռուսաստանի Սուպերլիգա 1-ի մեկնարկային տուրում։

Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ–ոքի` 82։82։ Լրացուցիչ ժամանակում «Ռյազանը» կորզել է հաղթանակը (93:89)։

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի խոսքով, հանդիպման արդյունքի վրա ազդել է մրցավարների որոշումը, ովքեր խաղից 2 րոպե առաջ թույլ չտվեցին խաղալ 3 առաջատար բասկետբոլիստներին (Արիզոնա Ռեյդ, Վիկտոր Ուսկով, Վիկտոր Հովսեփյան):

«Շատ ազդեց դա մեկնարկի և ամբողջ ընթացքի վրա», – ասել է Գյոկչյանը լրագրողներին։ Նրա խոսքով` պատճառը հասկանալի չէր։

«Երբ Արիզոնան, Ուսկովը լինեին, լրիվ այլ խաղ կընթանար։ Իրենք անընդհատ փոխարինումներ էին կատարում, իսկ մենք ինչ-ինչ պատճառով չունեինք բավարար խաղացողներ», – նշել է նա։

Հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին Երևանի «Դինամո» մարզահամալիրում։ Հոկտեմբերի 9–ին հայ բասկետբոլիստներն ուժերը կչափեն «Սամարայի» հետ։