Բավ է պառակտվել
19-08-2016 10:06

Ռիո-2016. Գառնիկ Մնացականյանը կմեկնարկի աշխարհի փոխչեմպիոնի հետ գոտեմարտով

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի տղամարդկանց 57 կգ և 74 կգ քաշային ըմբիշների կշռման արարողությունն ու վիճակահանությունը:

Այս մրցաձևում Հայաստանի առաջին ներկայացուցիչ 27-ամյա Գառնիկ Մնացականյանը 57 կգ քաշայինների մրցաշարում օգոստոսի 19-ին պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի աշխարհի 2013թ. չեմպիոն, Լաս Վեգասում կայացած աշխարհի 2015թ. առաջնության արծաթե մեդալակիր, իրանցի 26-ամյա Հասան Ռահիմին:

Նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 17:00-ից: Գառնիկ Մնացականյանի առաջին գոտեմարտը նախատեսված է 17:30-ին:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Ռիո են մեկնել նաև Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գեորգի Կետոևը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ): Լևան Բերիանիձեն կմեկնարկի օգոսոտոսի 20-ին, իսկ 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը և Գեորգի Կետոևը հանդես կգան Օլիմպիական խաղերի վերջին օրը՝ օգոսոտոսի 21-ին:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը եւս Ռիո-2016-ին մեկնել էր 4 մարզիկով և մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին: Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվել արծաթե մեդալով: