16-08-2016 17:43

Ռիո-2016. Միհրան Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Միհրան Հարությունյանը դուրս եկավ Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ:

Երկրորդ գոտեմարտում Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը 2:1 հաշվով հաղթեց աշխարհի 2013թ. չեմպիոն, հարավկորեացի Հանսու Ռյուին, որը նախորդ փուլում պայքարից դուրս էր թողել Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Տամաշ Լորինցին:

Առաջին մրցափուլում կորեացուն ծնկած դիրք նստեցրին պասիվության համար, իսկ Միհրանը գլորում կատարեց եւ վաստակեց 2 միավոր: Առաջին մրցափուլի վերջնամասում արդեն հայ ըմբիշը հայտնվեց պարտերում, սակայն շանս չտվեց մրցակցին եւ ընդմիջման գնաց 2 միավորի առավելությունը:

Երկրորդ մրցափուլում կորեացին շատ ակտիվ էր, բայց Միհրանը չէր նահանջում: Քիչ անց Հարությունյանի պասիվության համար մեկ միավոր ստացավ Ռյուն, որին ավելին անել չհաջողվեց, թեեւ հայ ըմբիշը դարձյալ հայտնվել էր պարտերում:

Կիսաեզրափակիչում Միհրան Հարությունյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Ռասուլ Չունաեւը: