16-08-2016 18:08

Ռիո-2016. Միհրան Հարությունյանը տապալեց ադրբեջանցի Չունաևին

 Անկրկնելի Միհրան Հարությունյանը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգի եզրափակիչի ուղեգիր՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ:

Երրորդ գոտեմարտում Եվրոպական խաղերի փոխչեմպիոնի մրցակիցն էր ադրբեջանցի Ռասուլ Չունաեւը, որը պարտվեց 0:4 հաշվով:

Առաջին մրցափուլում Միհրանին ծնկած դիրք նստեցրին պասիվության համար, բայց հայ ըմբիշը գերազանց պաշտպանվեց եւ միավոր չտվեց մրցակցին: Առաջին մրցափուլի վերջում պարտեր նստեցրին նաեւ Չունաեւին, եւ Հարությունյանը վաստակեց 4 միավոր, եթեւ 16 վայրկյան ուներ հնարքի համար:

Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշին դարձյալ պարտեր նստեցրին, բայց այս անգամ եւս նա շանս չտվեց մրցակցին եւ արագ ոտքի կանգնեց: Միհրան Հարությունյանը դիմացավ մինչեւ վերջ եւ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի սերբ Դավոր Շտեպանեկը:

Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթելով եգիպտացի Ահմեդ Կահկին, իսկ քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել էր աշխարհի 2013թ. չեմպիոն, հարավկորեացի Հանսու Ռյուին, որը դրանից առաջ պայքարից դուրս էր թողել Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Տամաշ Լորինցին:

Օգոստոսի 16-ին պայքարի մեջ է մտնել նաեւ աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ), որը նախ 5:2 հաշվով հաղթել էր իտալացի Դաիգորո Տիմոնչինիին, հետո 2 րոպե 11 վայրկյանում 8:0 հաշվով ուժեղ էր գտնվել ռումինացի Ալին Ցիուրարուից եւ դուրս եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիրը գյումրեցի ըմբիշը կվիճարկի թուրք Չենկ Իլդեմի հետ:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաեւ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը: