10-08-2016 18:22

Ռիո-2016. Արամ Ավագյանի հաղթական մեկնարկը

Ռիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում 56 կգ քաշային Արամ Ավագյանը հաղթանակով մեկնարկեց՝ 2:1 հաշվով պարտության մատնելով 20-ամյա ճապանոացի Արաշի Մորիսակային:

Օգոստոսի 14-ին կայանալիք 1/8 եզրափակիչի մենամարտում Արամ Ավագյանի մրցակիցը կլինի իռլանդացի Մայքլ Քոնլանը, որն առաջին շրջանում ազատ էր:

25-ամյա Արամ Ավագյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2012 թվականի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն, 2013 եւ 2015 թվականների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2013 եւ 2015 թվականներին ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում:

Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է Թուրքիայի Սամսուն քաղաքում անցկացված վարկանիշային մրցաշարում։

Անձնական մարզիչն է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։

Օգոստոսի 10-ին ռինգ դուրս կգա նաեւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Մենամարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:30-ին:

Հիշեցնենք, որ Ռիոյում Հայաստանի բռնցքամարտիկներից 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը 1/16 եզրափակիչում 3։0 առավելությամբ հաղթել է Ֆիջիի ներկայացուցիչ Ուինսթոն Հիլին եւ հաջորդ փուլի ուղեգրի համար օգոստոսի 11-ին կմրցի Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն, կուբացի Ռոնյել Իգլեսիասի հետ:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը մեկնարկային մենամարտում 0:3 հաշվով պարտվել է իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ դուրս մնացել պայքարից:

Հայաստանը Ռիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում կներկայացնի նաեւ Նարեկ Աբգարյանը (52 կգ):