Բավ է պառակտվել
04-10-2016 08:45

Հայ շախմատիստները երկու ոսկի են նվաճել աշխարհի պատանեկան առաջնությունում

Հայ երկու շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը (մինչև 16 տարեկանների տարիքային կարգ) և Մանուել Պետրոսյանը (մինչև 18 տարեկան) դարձել են երկուշաբթի Խանտի Մանսիյսկում ավարտված շախմատի աշխարհի պատանեկան առաջնության հաղթողներ։

Արցախցի Մանուել Պետրոսյանը Եվրոպա 2016–ի գործող չեմպիոն է, իսկ Մարտիրոսյանը նույն առաջնությունում զբաղեցրեց հինգերորդ տեղը։

Ինչպես նշվում է առաջնության կայքում, առաջնության հաղթողների մամուլի ասուլիսում Մարտիրոսյանն ասաց, որ շատ լավ է պատրաստվել մրցաշարին և չի տատանվել ոչ մի պարտիայում։

«Մրցաշարի սկիզբը շատ լավ էր դասավորվում ինձ համար, իսկ ավարտը շատ լարված էր, քանի որ ինձ հետապնդում էին ռուս շախմատիստները։ Այսօրվա իմ պարտիան ավարտվեց ոչ–ոքի, ինչպես և ռուս Ալեքսանդր Տրյապիշկոյինը, բայց իմ միավորների թիվը թույլ տվեց ինձ առաջինը դառնալ»,– նշեց շախմատիստը։

Մանուել Պետրոսյանն իր հերթին ասաց, որ դա իր առաջին մեդալն է աշխարհի առաջնությունում։ «Իմ հիմնական մրցակիցը Մաքսիմ Վավուլինն էր, յուրաքանչյուր պարտիայում նա գնում է մինչև վերջ, այդ պատճառով գիտեի, որ հաղթանակը հեշտ չի տրվի»,– նշեց նա։

Պատանի չեմպիոնն ընդգծեց, որ Հայաստանում շատ լուրջ են վերաբերվում շախմատին, այդ խաղն այնտեղ տարածված է, և ցանկացած առաջնության հաղթանակը շատ կարևոր է յուրաքանչյուր շախմատիստի համար։

«Հետագայում ուզում եմ պրոֆեսիոնալ շախմատիստ դառնալ։ Եթե չցանկանայի շախմատին նվիրել ամբողջ կյանքս, ապա, հավանաբար, այսքան ջանք չէի դնի հիմա»,– ասաց Պետրոսյանը։

Խանտի Մանսիյսկում Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը (մինչև 14 տարեկան տարիքային կարգ) մի փոքր հետ մնաց` զբաղեցնելով չորրորդ տեղը։ Հայաստանի պատանեկան հավաքականի մյուս անդամների արդյունքներն են` Դավիթ Միրզոյանը (մինչև 16 տարեկան) զբաղեցրեց 44–րդ տեղը 88 մասնակիցների թվում, իսկ Արամ Հակոբյանը (մինչև 18 տարեկան) ` 20–րդ տեղն այդ տարիքային կարգի 65 շախմատիստների թվում։

Աղջիկների մրցաշարում հայ շախմատիստուհիները մրցանակային տեղեր չզբաղեցրին։