Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստները մեկնաբանել են Երևանում Եվրո–2016–ի ընտրական փուլի շրջանակում Ալբանիայի հավաքականի հետ կայացած հանդիպման արդյունքում գրանցված պարտությունը։ Ալբանիայի հավաքականը կիրակի պատմության ընթացքում առաջին անգամ նվաճեց Եվրո–2016–ի եզրափակչի ուղեգիրը` 3։0 հաշվով պարտության մատնելով Հայաստանի հավաքականին։ «Մենք ենք մեղավոր, մենք ենք խաղացել և պետք է ուշադիր լինեինք։ Ալբանիայում չկան նման որակի ֆուտբոլիստներ, ինչպես Հայաստանում, սակայն թիմում 11 ֆուտբոլիստ է, և բոլորս էլ մեղավոր ենք։ Մենք ունենք լավ թիմ, լավ խաղացողներ, լավ մարզիչ, սակայն այդ ամենը հարկավոր է ցույց տալ դաշտում», – հանդիպումից հետո լրագրողներին ասաց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին։ Նրա խոսքով` խաղը տևում է 90 րոպե, և այդ ընթացքում հայ ֆուտբոլիստները շատ սխալներ գործեցին։ «Դա չի նշանակում, որ մեղավոր են միայն պաշտպանները։ Նշանակում է, որ մեղավոր ենք բոլորս։ Մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք, սակայն չխփեցինք», – ասաց Պիզելին։ Մեկնաբանելով տրիբունաներից հնչող «ամոթ է, խայտառակություն» բացականչությունները` Պիզելին նշեց, որ երկրպագուներն իրավացի են, և ինքը դա զգում է։ Հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովի խոսքով` հայ ֆուտբոլիստների բախտը չբերեց, քանի որ նրանք «հիմար» գոլ բաց թողեցին խաղի ամենասկզբում։ Ինչ վերաբերում է ողջ ընտրական փուլին, ապա Կասպարովը նշեց, որ Հայաստանին խանգարեցին վնասվածքներն ու անկայուն խաղը։ «Չնայած ամեն ինչին` մենք պետք է առաջ շարժվենք», – ավելացրեց Կասպարովը։ Խաղի ամենասկզբում գրանցված ինքնագոլից դժգոհեց նաև պաշտպան Ռոբերտ Արզումանյանը։ «Սա սեփական հարկի տակ անցկացրած վատագույն խաղն էր։ Շատ վատ խաղացինք առաջին խաղակեսում, կարելի է ասել, որ արժանի էինք ինքնագոլի», – ասաց Արզումանյանը։ Նրա խոսքով` թիմը պետք է վերադարձնի կորած վստահությունը, քանի որ հավաքականում կան հիանալի ֆուտբոլիստներ, և նրանք պետք է գոլ խփեն։ Հայաստանի հավաքականին պարտության մատնելուց հետո Ալբանիայի հավաքականը զբաղեցրել է 2–րդ տեղը ընտրական խմբում և ավտոմատ կերպով հայտնվել Եվրոպայի 2016 թ.–ի առաջնության եզրափակչում, որը կանցկացվի Ֆրանսիայում։ Խմբում առաջին տեղը զբաղեցրեց և եզրափակիչ դուրս եկավ Պորտուգալիայի հավաքականը, Դանիացիները եզրափակչում հայտնվելու համար պետք է դեռ հանդիպումներ անցկացնեն։ Սերբիայի և Հայաստանի հավաքականները խմբում զբաղեցրեցին վերջին տեղերը և զրկվեցին Եվրո–2016–ին մասնակցելու հնարավորությունից։
Բավ է պառակտվել