Բավ է պառակտվել
13-07-2015 17:20

Հայ բռնցքամարտիկները նվաճեցին երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ

Սերբիայում ավարտվեց «Ոսկե ձեռնոց» անվանումը կրող բռնցքամարտի հեղինակավոր մրցաշարը, որին այս անգամ մասնակցեցին 29 երկրի 236 բռնցքամարտիկներ: Մարզիչներ Հարություն Նազարյանի և Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ այս հեղինակավոր մրցաշարին մասնակցեցին նաև բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի 6 անդամներ, որոնցից 3 հայրենիք վերադարձան մեդալներով, ընդ որում՝ այդ մեդալներից 2-ը ոսկե են։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Իրենց բոլոր մրցակիցներին հաղթեցին և պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 51 կգ քաշային աշխարհի չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը և 60 կգ քաշային Անի Հովսեփյանը: Անուշը եզրափակչում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Ղազախստանը ներկայացնող Մերույերթ Կոնիսաբայի նկատմամբ, իսկ Անին՝ ոսկե մեդալի համար մենամարտում նույն հաշվով համոզիչ առավելությամբ պարտության մատնեց լեհուհի Ադրիանա Ժեդրեյչիկին: Սերբիայում Հայաստանի հավաքականը նվաճեց նաև մեկ բրոնզե մեդալ: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեց 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը, ով կիսաեզրափակչում զիջել էր Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արտյոմ Միքայելյանին: