17-08-2016 12:16

Ռիո-2016. Հայաստանը 36-րդն է մեդալային հաշվարկում

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 16-ին նվաճած մեկ ոսկե եւ 2 արծաթե մեդալներից հետո Հայաստանը մեդալային հաշվարկում բարձրացավ 36-րդ տեղ: Հայաստանը մեդալների քանակը հասցրել 4-ի (1 ոսկի, 3 արծաթ):

Մրցումային 11-րդ օրը գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն օլիմպիական չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր եզրափակիչում եւ բավարարվել արծաթե մեդալով: Գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանն էլ նվաճել էր Հայաստանի չորրորդ մեդալը՝ դառնալով օլիմպիական փոխչեմպիոն: Օգոստոսի 15-ին էլ 19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տեղն էր գրավել 105 կգ քաշային կարգում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալը:

Օգոստոսի 16-ին վիճարկված մեդալների 27 հավաքածուներից հետո մեդալային հաշվարկի առաջատարի դիրքը պահպանել է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 28 ոսկե, 28 արծաթե ու 28 բրոնզե մեդալ:

Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 19 ոսկե, 19 արծաթե եւ 12 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 17 ոսկի, 15 արծաթ, 19 բրոնզ: Ռուսները չորրորդն են 12 ոսկե, 12 արծաթե ու 14 բրոնզե մեդալով: