08-08-2016 10:59

Օլիմպիական խաղերը մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանի վերջին խաղերն են

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հուրի Գեբեշյանն Օլիմպիական խաղերի ավարտից հետո կհեռանա մեծ սպորտից, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

«Հրաշալի զգացողություն ունեմ` վերջապես Օլիմպիական խաղերում ելույթ ունենալու կապակցությամբ։ Անասելի հպարտ եմ և ոգևորված Հայաստանը այս խաղերին ներկայացնելու համար։ Կարծում եմ` գրանցած արդյունքիցս գոհ եմ, քանի որ արեցի այն ամենն, ինչի ունակ էի», - ասել է Գեբեշյանը։

Նա նշել է, որ ամեն անգամ մրցելույթներից հետո գործիքները համբուրելը կապված է նրա հետ, որ Օլիմպիական խաղերն իր վերջին մրցումներն են։

«Մարմնամարզությունը ինձ շատ բան է տվել, և ինձ մնում է միայն շնորհակալ լինել այս մարզաձևին»,- ավելացրել է նա։
Մարմնամարզությունում 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնում են 3 մարզիկներ՝ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուրի Գեբեշյանը։

Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը դուրս է եկել նժույգթափեր վարժության եզրափակիչ, որը կկայանա օգոստոսի 14-ին։