10-06-2015 14:59

Անդրանիկ Կարապետյանը` Երիտասարդների աշխարհի չեմպիոն

Վրոցլավում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մրցապայքարն ավարտեցին 77 կգ քաշային կարգի ուժեղագույնների՝ Ա խմբի 12 մասնակիցները, տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի կայքը: Նրանց շարքում էր ապրիլին Թբիլիսիում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում երկամարտի 350 կգ (164+186) արդյունքով բրոնզե մեդալակիր դարձած 19-ամյա Անդրանիկ Կարապետյանը: Նա, ի դեպ, նաև 2012 թ պատանինների աշխարհի չեմպիոնն է, ու մինչ օրս նրան են պատկանում պոկում վարժության (151 կգ) և երկամարտի (331 կգ) աշխարհի պատանեկան ռեկորդները, որոնք նա սահմանել է Կոշիցեում կայացած աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ: Վրոցլավում երիտասարդ հայ ծանրորդն իրեն կրկին լավագույն կողմերով դրսևորեց ու երկամարտի 335 կգ (155+180) արդյունքով հռչակվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն: Սակայն պետք է խոստովանել, որ այս հաղթանակը հայ դյուցազունին ամենևին էլ հեշտությամբ չտրվեց: Նա պոկում վարժությունում 155 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալը նվաճեց, սակայն բավական հուզվելու տեղիք տվեց իր երկրպագուններին, քանի որ 2 անհաջող մոտեցումներից հետո միայն վերջին մոտեցման ժամանակ իր կամքին ենթարկեց 155 կգ-անոց ոսկեբեր ծանրաձողը:Հրում վարժությունում պայքարը շատ ավելի լարված ու անզիջում ստացվեց: Արդյունքում 12 մասնակիցներից 5-ը այս վարժությունում ձախողվեցին: Անդրանիկը առաջին մոտեցման ժամանակ 180 կգ բարաձացեց ու կրկին ստանձնեց առաջատարի դերը: Նրա գլխավոր մրցակիցը՝ 19-ամյա իրանցի ծանրորդ Ալի Միրին չնայած գործադրած բոլոր ջանքերին, թեժ մրցակցությունում չկարողացավ առաջ անցնել Կարապետյանից: Ճիշտ է, Միրին հրում վարժությունում 182 կգ ցուցանիշով փոքր ոսկե մեդալին արժանցավ, սակայն դա բավարար չեղավ Անդրանիկին երկամարտում շրջանցելու համար: Իրանցի ծանրոդրն, ի վերջո երկամարտի 332 կգ (150+182) արդյունքով դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Բրոնզե պարգևը նվաճեց ռումինացի 18-ամյա ծանրորդ Իլիե Ստոյանն, ով երկամարտում արձանագրեց 326 կգ (148+178) արդյունք: