26-12-2013 14:35

Վարչապետը հակված է պահպանել Զվարթնոցի հին մասնաշենքի ճարտարապետական ժառանգությունը

Այսօր կառավարության նիստի ժամանակ, ի ուրախություն բազմաթիվ մասագետների հաստատվեց Զվարթնոց օդանավակայանի համար մշակված նոր «Մաստեր Պլանը», ըստ որի 102 մլն դոլարի ներդրումներ կկատարվեն օդանավակայանի պայմանների բարելավման և նոր շենքի համար:
Ըստ վարչապետի , այս ներդրումը հնարավորություն կտա բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, զարգացնել տուրիզմը. «Սա մեզ համար գերակա խնդիր է, և մենք չենք կարող թերագնահատել օդանավակայանի կարևորությունը»,-ընդգծեց վարչապետը:
Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի խոսքով, հիմնական ներդրումները կուղղվեն նստեցման հատվածի ընդլայնմանը. նստեցման ելքերի քանակը կավելանա ևս չորսով: Ընդհանուր առմամբ օդանավակայանը կունենա 10 նստեցման ելք, կառամատույցի ամբողջ մակերեսը 50 քառ մետրով կավելանա, որոնց համար ընդհանուր ծախսերը կկազմեն 40 մլն դոլար: Պրն. Մովսիսյանը նաև նշեց, որ սա ոչ միայն պետական մարմինների համար, այլ և ազատ տնտեսական գոտի կստեղծի:
Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաև «Զվարթնոցի» հին մասնաշենքի շուրջ ծավալված խնդրին: «Խոսքը կլոր մասնաշենքի քանդման վերաբերյալ ներկայացված առաջարկի մասին է: Հասկանալի է, որ այն նախատեսում է 15-20 մլն դոլարի ներդրում, ինչը բավականին շատ է: Այն սովետական մոդեռնիզմի ճարտարապետության շենք է, դրա համար մեր ճարտարապետները առաջարկում են նոր լուծումներ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ կա հետաքրքիր առաջարկ, մասնավորապես, օդանավակայանի տարածքում մի այգի կառուցել, որտեղ ճարտարապետական այդպիսի լուծումով բոլոր կոթողները կարող են տեղավորվել: Վարչապետը մեջբերեց նաև միջազգային փորձն, օրինակ նման բան կա Բրյուսելում. «Միգուցե, մենք մեր ճարտարապետների հետ կարող ենք գտնել այնպիսի լուծումներ, որ կարողանանք պահպանել ճարտարապետական ժառանգությունը»:
Տիգրան Սարգսյանը համոզված է, որ այդ շենքը ճարտարապետական յուրօրինակ կառույց է, որը մեր հուշարձանների շարքում ցավոք ներառված չէ, բայց ճարտարապետները դա համարում են արժեքավոր ժառանգություն: