Բավ է պառակտվել
03-02-2015 17:02

Պերմյակովին ՀՀ-ին հանձնելու պահանջով ստորագրահավաքին միացել է 8000 գյումրեցի

Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով Գյումրիում նախաձեռնված ստորագրահավաքին փետրվարի 3-ի դրությամբ միացել է 8000 քաղաքացի։ Այս մասին լրագրողներին ասացին ստորագրահավաքի կազմակերպիչները։ Ստորագրահավաքը, որը մի խումբ կամավոր երիտասարդներ անցկացրել են Գյումրիի փողոցներում, ՀՀ նախագահին եւ Ազգային ժողովին ուղղված երկու պահանջ ունի. առաջին՝ սպանության կասկածյալը (ները) պետք է գտնվի (գտնվեն) ՀՀ իրավազորության ներքո եւ պատիժը պետք է կրի (կրեն) ՀՀ արդարադատության կողմից, երկրորդ՝ համալրել ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ միջպետական համաձայնագրերը՝ պարտադիր ամրագրելով հետևյալ կետը՝ ՀՀ տարածքում կարող են ծառայել ՌԴ զինված ուժերի որոշակի ցենզի համապատասխանող պայմանագրային զինծառայողներ։ Ստորագրահավաքին միացել է նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Քաղաքական գործիչներից կամ մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից ոչ ոք նախաձեռնությանը դեռ չի միացել։ «Գյումրեցիները շարունակում են պահանաջատեր մնալ, մենք շարունակելու ենք ստորագրություններ հավաքել մինչեւ Ավետիսյանների քառասունքը լրանալը, որից հետո որոշելու ենք մեր հետագա քայլերը, որոնք կախված են իշխանությունների արձագանքից»,- ասաց Արմեն Ներսիսյանը: Ստորագրահավաքի կազմակերպիչները չեն բացառում հետագա հավաքներն ու բողոքի ակցիաները։ Ակտիվիստները ստորագրահավաքի թերթիկներն այսօր կբաժանեն պետական բոլոր գերատեսչությունների պատասխանատուներին, իրավապահ համակարգի ներկայացուցիչներին: Ստորագրահավաքը կավարտվի երկու շաբաթից: