Բավ է պառակտվել
04-04-2017 18:57

Զատիկի տոնին հայաստանցիներին երկարատև հանգստյան օրեր են սպասվում

ՀՀ Կառավարությունը Զատիկի տոնի առթիվ կերկարաձգի հանգստյան օրերը: Համապատասխան որոշման նախագիծը կառավարությունը կդիտարկի հինգշաբթի օրը կայանալիք նիստին:
Որոշման նախագծի համաձայն կառավարությունը ապրիլի 17-ի աշխատանքային երկուշաբթին կտեղափոխի շաբաթ օրվա ՝ մայիսի 6-ի վրա:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդպիսով կառավարությունը քաղաքացիներին հնարավորություն կընձեռի Սուրբ Հարության տոնից հետո, որն այս տարի նշվում է ապրիլի 16-ին, այցելել հարազատների շիրիմներին:
Վերջին տարիներին կառավարությունն ավանդաբար ոչ աշխատանքային էր հայտարարում ննջեցյալների հիշատակման օրերը՝ մեռելոցները, որոնք հետևում են եկեղեցական հինգ տաղավար տոներին:
Ննջեցյալների հիշատակման օրը (Մեռելոց), հետևում է Հայ Առաքելական Եկեղեցու հինգ գլխավոր տոներից յուրաքանչյուրին՝ Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն, Սուրբ Հարության տոն, Քրիստոսի Պայծառակերպության տոն (Վարդավառ), Վերափոխումն Սուրբ Աստվածածնի, Տիրոջ Կենդանարար Խաչի Վերադարձի և Փառաբանության տոն:
Մեռելոցը Հայաստանում առաջին անգամ ոչ աշխատանքային օր է հայտարարվել կառավարության 2008թ. հունիսի 26-ի որոշմամբ՝ Առաջանիստ Սուրբ Էջմիածնի առաջարկով: