Բավ է պառակտվել
14-05-2015 14:42

Հանուն Հայոց Ցեղասպանության ճանաչման 55-օրյա հացադուլ

Ապրիլի 4-ից Գլենդելի հայազգի բնակիչ Աղասի Վարդանյանը 55-օրյա հացադուլ է հայտարարել, որով հույս ունի ճնշում գործադրել Թուրքիայի և ԱՄՆ-ի կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս պաշտոնապես ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը: Աղասին տեղավորվել է Բուրբանկի Սբ Ղևոնդյաց հայկական եկեղեցու դիմաց` մի փոքրիկ վրանատիպ կառույցում, որը կահավորված է միայն մի անկողնով և հեռուստացույցով: Աղասու կացարանը զարդարված է ցեղասպանության 100-ամյա տարելիցը խորհրդանշող անմոռուկի պատկերներով: Կացարանի ճակատային մասում կա մեծ պատուհան, որի շնորհիվ անցորդները հաղորդակից են դառնում Վարդանյանի բողոքին: Բազմաթիվ ժողովուրդներ, այդ թվում` Թուրքիան, ընդունում են, որ 1915-1923թթ-ին` Օսմանյան Կայսրության անկման շրջանում, բազմաթիվ քրիստոնյաներ, այդ թվում` հայեր, ասորիներ, պոնտացի հույներ, ենթարկվել են դաժան տեղահանության Օսմանյան կառավարության կողմից, սակայն ընդամենը 22 պետություն և ԱՄՆ-ի 43 նահանգներ են պաշտոնապես այդ իրադարձություները որակել որպես հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանություն: Ըստ հոդվածագրի` Վարդանյանի հացադուլը լրատվամիջոցների կողմից բավարար ուշադրության չի արժանացել, մինչդեռ բղոքի այդ քայլը էականորեն անդրադառնում է 55-ամյա հայ տղամարդու առողջության վրա, քանի որ հացադուլը սկսելու պահից մինչև այսօր նա զգալի քաշ է կորցրել: Նրա վիճակն ամեն օր ստուգվում է բուժաշխատողի և հոգեբանի կողմից: «Ես չեմ կարող մեկնաբանել այն, ինչ անում են Թուրքիան կամ նախագահ Օբաման, սակայն ես կարող եմ խոսել իմ բողոքի մասին, որը չեմ պատրաստվում դադարեցնել: Հնարավոր չէ հացադուլով վնաս հասցնել սեփական մարմնին, եթե դուք դա անում եք հստակ պատճառով»,-նշել է Աղասի Վարդանյանը իրեն այցելած լրագրողների հետ զրույցում: