Բավ է պառակտվել
22-01-2014 12:48

Human Rights Watch-ը՝ Հայաստանի մասին

 Human Rights Watch հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 24-րդ ամենամյա զեկույցն աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Այս տարվա զեկույցում ներառված է 90-ից ավելի երկիր, որոնց թվում է նաև Հայաստանը։ Փաստաթղթի հեղինակները զեկույցը կազմելիս հիմնվել են 2012թ. նոյեմբերից մինչ 2013թ. նոյեմբերը տվյալ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցած իրադարձությունների վրա։ Ընդհանուր առմամբ, զեկույցի հեղինակները Հայաստանի մասով արձանագրել են հետևյալ փաստերը. ոստիկանական բաժանմունքներում վատ վերաբերմունքը դեռևս շարունակական երևույթ է, կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվողներին չի կարողանում այլընտրանքային տարբերակ առաջարկել, իշխանություններն ըստ հավուր պատշաճի չեն կարողանում հետաքննել բանակում տագնապալի չափերի հասած մահացությունների, ինչպես նաև խաղաղ ցուցարարների, մեդիաոլորտի աշխատողների ու լրագրողների դեմ անհայտ անձանց կողմից իրականացված բռնության դեպքերը, ծանր հիվանդները չեն կարողանում բավարար քանակությամբ ուժեղ ցավազրկողներ ստանալ։ Մասնագետները նաև նշել են, որ Հայաստանում լուրջ խնդիր է մարդու սեռական կողմորոշման ու գենդերային ինքնության հարցի վրա հիմնված բռնությունն ու խտրականությունը։

Իսկ այժմ համառոտ HRW-ի անդրադարձը նախագահական ու տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունները.

HRW-ն հիշեցնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է իր պաշտոնում անցած տարվա փետրվարին, իսկ իշխող Հանրապետական կուսակցությունը գերիշխող դիրք է ունեցել մայիսին Երևանում կայացած քաղաքապետի ընտրությունների ժամանակ, որտեղ կրկին հաղթել է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Զեկույցում նշվում է բազմիցս հնչեցված այն կարծիքը, որ թեև 2 ընտրություններն ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էին, այնուամենայնիվ արձանագրվել են մի շարք շուրջ խախտումներ։ Մասնավորապես՝ վարչական ռեսուրսների սխալ կիրառում, գործող իշխանությունների օգտին քվեատուփերի զանգվածային լցոնում, ընտրողների նկատմամբ բռնության կիրառում և այլն։

Հավաքների ազատությունն ու ակտիվիստների դեմ ուղղված հարձակումները .

Օգոստոսին ոստիկանությունն ուժ է կիրառել Երևանի կենտրոնում բարձրահարկ շենքի շինարարության դեմ բողոքող խաղաղ ցուցարարներին ու նրանց միացած տեղի բնակիչներին ցրելու համար։ Իրավապահները կարճ ժամանակով ձերբակալել են 26 ցուցարարի, իսկ մեկին էլ ոստիկանական բաժանմունք տեղափոխելու ճանապարհին ծեծի են ենթարկել։ Հոկտեմբերին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձանագրել է, որ իրավապահներն անընդունելի ուժ են կիրառել, սակայն իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել այս հարցի պարզաբանման շուրջ։ Աշնանը կրկին հարձակումներ են իրականացվել ցուցարարների, մասնավորապես՝ Հայկակ Արշամյանի, Սուրեն Սաղաթելյանի, Արման Ալեքսանյանի նկատմամբ, ովքեր բողոքել են Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման ու տրանսպորտի սակագների թանկացման դեմ։ Զեկույցի հեղինակներն անդրադարձել են նաև Շանթ Հարությունյանի ձերբակալման ու նրան հոգեբուժարան ուղարկելու դեպքին։

Կտտանքներն ու վատ վերաբերմունքը բանտերում.

Ըստ տեղի իրավապաշտպանների՝ հայկական բանտերում կալանավորների նկատմամբ կտտանքների ու վատ վերաբերմունքի կիրառման պրակտիկան շարունակվում է։ Կասկածյալներից ու վկաներից իրենց համար անհրաժեշտ ցուցմունքներն ու խոստովանությունները ստանալու համար ոստիկանները կիրառում են տանջանքի մեթոդը։ Սակայն իշխանությունները հիմնականում հրաժարվում են հետաքննել նման բնույթի գործերն ու անտեսում են «զոհերի» բողոքները։

Բանակում տեղի ունեցող բռնությունները.

Անցած տարվա հոկտեմբերի 21-ի դրությամբ Վանաձորի Հելսինկյան գրասենյակն արձանագրել է բանակում 27 մահվան դեպք, որից 7-ը եղել է ինքնասպանություն։ Տեղի իրավապաշտպան խմբերը փաստել են, որ պաշտպանության նախարարությունը ձախողել է ինչպես հարկն է հետաքննել այդ դեպքերն ու դրանց մանրամասները՝ պարզելու համար, թե արդյոք մահացած զինծառայողների նկատմամբ բռնություն չի կիրառվել։ Անդրադառնալով այլընտրանքային ծառայությանը՝ զեկույցի հեղինակները նշում են, որ հունիսին երկրի խորհրդարանը փոփոխություն է կատարել այլընտրանքային զինծառայության մասին օրենքում՝ այն 42 ամսից նվազեցնելով մինչև 36 ամիս, ինչը շատ ավելի երկար է, քան սովորական զինվորական ծառայությունը։ Նոյեմբերի կեսերին 33 «Եհովայի վկաներ», ովքեր նախկինում ազատազրկված են եղել այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար, ազատ են արձակվել։ Սակայն մասնագետներն ընդգծում են, որ այլընտրանքային ծառայության պլատֆորմը Հայաստանում դեռևս լավ մշակված չէ։

Խոսքի ազատություն.

Հայաստանում կան բազմաթիվ տպագիր ու առցանց լրատվամիջոցներ, սակայն առավել շատ «կաղում է» հեռարձակվող մեդիաոլորտը։ Օրինակ՝ հայկական 12 հեռուստաալիքներից միայն 1-ն է ուղիղ եթերով քաղաքական թոք-շոուներ հեռարձակում։ Ընտրությունների ժամանակ Հայաստան ժամանած միջազգային դիտորդներն արձանագրել են, որ հայկական մեդիան ցուցաբերել է «սելեկտիվ մոտեցում» հետընտրական զարգացումները լուսաբանելու հարցում՝ ակնհայտորեն սահմանափակելով քննադատական ելույթներն ու տեսակետները։ Նշվում է նաև, որ 2013թ. առաջին կեսին արձանագրվել է լրագողների դեմ բռնության կիրառման 6 դեպք։

Թմրանյութեր պարունակող ուժեղ ցավազրկողների կիրառում.

Հայաստանում ուժեղ ցավերից տառապող ծանր հիվանդներին թմրանյութ պարունակող դեղամիջոցների նշանակման ու տրամադրման գործընթացն այնքան բարդ է ու ժամանակատար, որ այդ հիվանդների մեծ մասը դատապարտված է լինում անտեղի տառապանքների, որոնք կարելի է կանխել։ Թեև մորֆին ապահով, արդյունավետ ու բավական մատչելի տարբերակ է ծանր հիվանդների ցավերը թեթևացնելու համար, սակայն Հայաստանում ներկայիս դրությամբ մորֆիի ու այլ թմրանյութեր պարունակող դեղամիջոցների օգտագործման մակարդակն անբավարար է քաղցկեղով հիվանդ բոլոր մարդկանց օգնելու համար։ Ուստի նրանցից շատերը հիվանդության ամենավերջին ու ամենածանր փուլում մնում են առանց ցավազրկողների։

Սեռական կողմնորոշում ու գենդերային ինքնություն.

Տեղի ԼԳՏԲ (լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսգենդերներ) ակտիվիստները մտահոգված են, որ Հայաստանում հոմոֆոբիան հասնում է տագնապալի մակարդակի։ Ըստ PINK Armenia իրավապաշտպան խմբի՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձինք հաճախակի են դառնում բռնությունների ու հարձակումների զոհ, սակայն ոստիկանության կողմից անհրաժեշտ պաշտպանություն չեն ստանում։ Նրանց խոսքերով՝ ԼԳՏԲ ներկայացուցիչները շարունակում են խտրական վերաբերմունքի զոհ դառնալ աշխատավայրում, առողջապահական ոլորտում, բանակում, հասարակության մեջ ու ընտանիքում։