30-03-2015 17:20

ԼՂ 5 զինծառայողների զոհվելու լուրը հակառակորդի վառ երևակայության արգասիքն է

Այսօր ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես «haqqin.az» կայքի կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր Լեռնային Ղարաբաղում ուժեղ բախումներ են եղել, որոնց հետևանքով հայկական կողմից հինգ զինծառայող է զոհվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդի պրոպագանդայի վառ երևակայության հերթական արգասիքն է։ Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։  ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առաջնագծում շարունակում են տիրապետել իրադրությանը և վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները: «Ինչ վերաբերում է հակառակորդի կողմն անցած Անդրանիկ Գրիգորյանի մասին պատմող հաղորդագրությանը, որում նա գոհունակություն է հայտնում Ադրբեջանում իր գտնվելու պայմանների վերաբերյալ, ապա դրանով ադրբեջանցի վայ քարոզիչները հերթական անգամ թոզ են փչում միջազգային հանրության աչքերին՝ փորձելով իրենց սուլթանությունը ներկայացնել որպես ժողովրդավարական երկիր, որտեղ հարգվում են բոլորի, այդ թվում՝ ռազմագերիների ու պատանդների հիմնարար իրավունքներն ու ազատությունները: 

Այնինչ իրականությունը այնտեղ բոլորովին այլ է, ինչի ամենախոսուն և թարմ օրինակը հենց ադրբեջանական կողմն անցած հայ զինծառայողի պարտադրանքի տակ արված նկարահանումներն են և դրանց հրապարակումը, ինչը նմանատիպ դեպքերի համար նախատեսված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտում է»,–ասվում է հաղորդագրությունում: