Բավ է պառակտվել
25-08-2016 09:45

Մոսկվայում բանկ գրաված Արամ Պետրոսյանը կարող խուսափել պատժից

Սնանկ գործարար Արամ Պետրոսյանը, ով չորեքշաբթի օրը պատանդներ է վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկում, առաջին ցուցմունքներն է տվել քննիչներին: Հարցաքննությանը տղամարդը հայտարարել է, որ չէր պատրաստվում սպանել մարդկանց։ Այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքի բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան:

Նրա խոսքով, սնանկացած գործարարը քննիչներին հարցաքննության ժամանակ պատմել է, որ չէր ուզում սպանել իր վերցրած պատանդներին, այլ ընդամենը մտադիր է այդ միջոցով ուշադրություն գրավել իր խնդրի նկատմամբ:

Ավելի վաղ իրավապահ մարմիններում աղբյուրը պարզաբանել է, որ տղամարդը օրենքի հիման վրա կարող է խուսափել իր արածի համար պատժից: «Կոնկրետ պատանդ վերցնելու համար ձերբակալվածին ոչինչ չի սպառնում: Քրեական օրենսգրքում կա հատուկ կետ այն մասին, որ այն անձը, որը կամավոր կամ իշխանությունների պահանջով ազատ է արձակել պատանդներին, ազատվում է քրեական պատասխանատվությունից», - նկատել է նա:

Օգոստոսի 24-ի երեկոյան գործարար Արամ Պետրոսյանը Բոլշայա Նիկիտսկայա փողոցում Սիթիբանկի գրասենյակում պատանդառել է չորս մարդու ՝ սպառնալով պայթյուն կազմակերպել: Նրա մոտ սոսնձաթղթով փաթաթված տուփ էր, որը հետագայում պարզվել էր, որ մուլյաժ է՝ աղով: Բանակցությունների ընթացքում, որոնց մասնակցել էր նաեւ Մոսկվայի ոստիկանապետ Անատոլի Յակունինը, ձեռներեցը պահանջել էր դաշնային հեռուստաալիքներով եթեր տրամադրել իրեն:

Մի քանի ժամից, ազատ արձակելով բոլոր պատանդներին, Պետրոսյանը հանձնվել էր:

Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 206 հոդվածով (պատանդներ վերցնել): Աղբյուրների կարծիքով,հաշվի առնելով,որ Պետրոսյանը հանձնվել է ու բաց թողել բոլոր պատանդներին, մեղադրանքը կարող է վերաորակվել ՌԴ ՔՕ 127 հոդվածով (Ազատությունից ապօրինաբար զրկել):

Հայտնի է, որ միջադեպից որոշ ժամանակ առաջ Պետրոսյանի մոտ բիզնես խնդիրներ էին սկսվել, նա խրվել էր պարտքերի մեջ: Տղամարդը սկսել էր կանոնավոր կերպով դիմել պետական իշխանությունների մարմիններին ՝ ձեռներեցներին աջակցելու տարբեր նախաձեռնություններով: