Բավ է պառակտվել
18-07-2016 12:33

ԱԱԾ. Գրավված գնդի տարածքից ազատ է արձակվել ոստիկան ու շտապօգնության վարորդ

Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը Էրեբունի թաղամասում գտնվող ՊՊԾ գնդի տարածքից ազատ է արձակվել 2 մարդ:

Ինչպես հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից, «տևական բանակցությունների և իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի, ինչպես նաև մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին»:


 Նշվում է, որ գունդը գրաված խումբը հրաժարվում է ազատ արձակել պահվող այլ անձանց, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, վայր դնել զենքերը և հանձնվել իշխանություններին:

«Արդեն իսկ մի քանի հանցանք կատարած և իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ և անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլև հանրության համար... մեկ անգամ ևս հորդորում ենք զինված խմբի անդամներին ձեռնպահ մնալ նոր զոհերի և այլ ծանր հետևանքների հանգեցնող հանցավոր գործողություններից և դադարեցնել զինված դիմադրությունը: Դրա համար դեռ կա ժամանակ և հնարավորություն», - նշվում է հաղորդագրությունում:

Հուլիսի 17 ֊ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։