27-07-2016 11:09

Զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկների. Աշոտ Ահարոնյան

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա եւս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել եւ մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, եւ բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բժիշկներին:

Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար»,- գրել է Աշոտ Ահարոնյանը:

Նշենք, որ ոստիկանության փոխանցմամբ, այս գիշեր ոստիկանների եւ «Սասնա ծռեր» խմբի անդամների միջեւ փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորում են ստացել Պավլիկ Մանուկյանը, նրա որդին՝ Արամ Մանուկյանը եւ մեկ ոստիկան: Պավլիկ Մանուկյանին եւ նրա որդուն վիրահատել են, նրանց վիճակը գնահատվում է ծանր: