Բավ է պառակտվել
25-07-2016 09:30

Գիշերը գնդի տարածքում հանգիստ է անցել

Մեկ շաբաթից ավելի է Երևանի Խորենացի փողոցի վրա գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գունդը գտնվում է «Սասնա ծռեր» խմբի ձեռքում: Ի պաշտպանություն նրանց, ամեն երեկո գնդի տարածքում մարդիկ են հավաքվում, ելույթներ ունենում: Գիշերը գնդի տարածքում հանգիստ է անցել:

Նախօրեին խմբի անդամներն այրել էին գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց՝ ի նշան բողոքի: Չնայած դրան, Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ պետական համապատասխան գերատեսչություններն իրեն վստահեցրել են, թե կանտեսեն նրանց այդ քայլը և շարունակեն բանակցությունները մինչև զինված խումբը խաղաղ կերպով վայր կդնի զենքերը։

Երեկ օրվա ընթացքում Վ. Բալասանյանը նաև հայտարարություն էր տարածել, որի համաձայն տղաների կողմից զենքն անհապաղ վայր դնելուց և հանձնվելուց հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հրավիրելու Ժիրայր Սեֆիլյանին և բացատրելու իրականությունը և հեռանկարները:

Հիշեցնենք, որ զինված խումբը սկզբում պատանդ էր պահում ոստիկանների: Վերջին չորս պատանդ ոստիկանին նրանք ազատ էին արձակել հուլիսի 23-ին: «Սասնա ծռեր» խումբը պահանջում են արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: