Բավ է պառակտվել
29-01-2015 09:59

Փերինչեքի գործով լսումներն ավարտվել են. վճիռը կլինի մի քանի ամսից

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Դողու Փերինչեքն՝ ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումներն ավարտվել են: Այս մասին հայտնում է Արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան: Լսումների ավարտից առաջ Դողու Փերինչեքը կրկին հայտարարել է, որ ինքը չի հերքում հայերի սպանությունները: Իր ճառի ավարտին Փերինչեքը կրկին պաշտպանել է Թալեաթ փաշային:
Իր հերթին նրա փաստաբանը ընդգծել է, որ ինքը «չի հերքում սպանությունները, բայց՝ ոչ ցեղասպանությունը»՝ Փերինչեքին կոչելով ինտերնացիոնալիստ: Այնուհետեւ ելույթ են ունեցել Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչներ՝ պատմելով օրենքի եւ «ցեղասպանություն» հասկացության էության մասին: Արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան հայտնում է, որ վճիռը կհրապարակվի ավելի ուշ՝ 6-8 ամսից:
Հիշեցնենք, Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երեկ սկսվել էր «Դողու Փերինչեքն՝ ընդդեմ Շվեյցարիայի» գործով նիստը (Perincek v. Switzerland, App. no. 27510/08), որտեղ Հայաստանը եւս ներգրավված է որպես երրորդ կողմ:
Հայկական պատվիրակության կազմում են ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, նրա տեղակալ Էմիլ Բաբայանը, արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: Բացի դրանից, ՄԻԵԴ-ում մեր երկրի շահերը պաշտպանել են միջազգային հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնը, Ամալ Ռամզի Քլունին, Թոբի Քոլիսը: