Բավ է պառակտվել
18-07-2016 14:29

Փոխոստիկանապետ. իրավիճակը շարունակում է նույնը մնալ

Էրեբունու պաշարված ոստիկանության պարեկապահակային ծառայության շուրջ իրավիճակը մնում է նույնը, Էրեբունիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նախօրեին ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված անձինք շարունակում են պատանդ պահել հինգ ոստիկանի:

Նա հիշեցրեց, որ ԱԱԾ–ի հաղորդագրության համաձայն, իրավիճակը մնում է նույնը։ Բանակցությունների արդյունքում ազատ է արձակվել մեկ ոստիկան և քաղաքացիական անձ` շտապօգնության մեքենայի վարորդը։

«Համապատասխան օպերատիվ և կանխարգելիչ գործողություններն իրավապահ մարմինների կողմից շարունակվում են: Այս պահին ներսում կա հինգ պատանդ ոստիկան: Մեր պահանջները և իրենց պահանջները շարունակում են մնալ նույնը: Մեր պահանջը միանշանակ է. ազատ արձակել պատանդներին, չսրել իրավիճակը և հանձնվել: Փոխզիջումները պետք է լինեն երկուստեք: Երբ իրենց կողմից կտեսնենք համապատասխան ադեկվատ քայլ, կլինի համապատասխան ադեկվատ քայլ մեր կողից: Ես դեռ երեկ եմ ասել, որ ոստիկանությունը և իրավապահ ողջ համակարգը կարող է ձեռնարկել համապատասխան բոլոր օրենքով թույլատրելի միջոցառումները»,- ասաց Պողոսյանը:

Պողոսյանը նաև ավելացրեց, որ հիմա իրավապահ կառույցները շարունակում են իրականացնել համապատասխան օպերատիվ–հետախուզական և կանխարգելիչ միջոցառումներ, որոնց մասին տեղեկատվությունը կտրամադրվի պատշաճ ժամկետներում։

Վերջինս, անդրադառնալով երեկ ձերբակալված ակտիվիստներին, ասաց, որ բոլոր իրավական հիմնավորումները կան, բացի այդ՝ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, մի մասը ենթարկվել է վարչական պատասխանատվության, ոմանք էլ ներկայացել են հարցաքննության:

Պողոսյանը նշեց նաև, որ ոստիկանապետը դեպքից անմիջապես հետո և մինչ այժմ վերահսկում է գործողությունների ողջ ընթացքը:

Հիշեցնենք, կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, չորս ոստիկան վիրավորվել է։ Զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։