Բավ է պառակտվել
04-12-2015 08:55

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին Ֆրանսիայի խորհրդարանում է

Ֆրանսիայի խորհրդարանում կրկին կքննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Մարսել քաղաքից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն նոր «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող»  օրինագիծ է ներկայացրել խորհրդարան: Ըստ օրինագծի՝ նախատեսվում է 5 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք պատժաչափ: Բուայեն նոյեմբերի 4-ին, 23 պատգամավորի ստորագրությամբ, օրինագիծը հանձնել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ղեկավարությանը: Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն  հույս է հայտնել, որ օրինագիծը շուտով կհայտնվի խորհրդարանի օրակարգում և նշել է, որ Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները պարտավորեցնում են պատրաստել այս նախագիծը: Սիրիայում և Իրաքում ազգային փոքրամասնություններն ու քրիստոնյաները ցեղասպանության են ենթարկվում: Իր հարցազրույցում ֆրանսիացի պատգամավորը նաև շեշտել է, որ  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անցած տարվա ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, խոստում է տվել և կկատարի այն: Վալերի Բուայեն նաև հայտարարել է, որ նոր օրինագիծն ուղարկել է խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցություններին և արդեն 40-ից ավելի պատգամավորներ, իրենց ստորագրությամբ,  աջակցություն են հայտնել նոր օրենքի նախագծին: Հիշեցնենք, որ Բուայեի պատրաստած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ օրենքի նախորդ նախագիծն ընդունվել էր Ֆրանսիայի խորհրդարանի և Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն սահմանադրությանը հակասող էր ճանաչել: