22-09-2017 16:50

Ձերբակալվել է «Վերնիսաժի» մոտ կատարված աղմկահարույց սպանության կասկածյալներից մեկը (Տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է Երևանի կենտրոնում՝ «Վերնիսաժի» մոտակայքում կատարված աղմկահարույց սպանության երեք կասկածյալներից մեկին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին «Վերնիսաժի» մոտ կրակոցներ էին հնչել: Պարզվել էր, որ Հանրապետության 48 հասցեով գտնվող «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ ժամը 13:30-ի սահմաններում հնչած կրակոցների արդյունքում ստացված վնասվածքներից մահացել է 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, իսկ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը ստացված վնասվածքներով հասցվել է հիվանդանոց: Դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել են « AK 74» ինքնաձիգ, «Մակարով» տեսակի ատրճանակ և փամփուշտներ:
Ինչպես հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծավալուն ու հետևողական օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ այսօր Կոտայքի մարզում հայտնաբերվել է 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը՝ սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարած և հետախուզվող անձանցից մեկը: Նա ձերբակալված է:
Մյուս երկու հետախուզվողներին՝ 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: