30-08-2016 12:00

Հայաստանում ձերբակալված ՌԴ քաղաքացին կվերադառնա Ռուսաստան

Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը, ում Երևանի դատարանը հրաժարվեց կալանավորել ԱՄՆ–ի հարցումով, օգոստոսի 31–ին կվերադառնա Ռուսաստան։

«Այսօր նա դեռ Երևանում է, տոմսն օգոստոսի 31–ի համար է»,– երեքշաբթի  հայտնել է Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանը։

Նա նաև ավելացրել է, որ այս պահին Միրոնովին Հայաստանի իրավապահ մարմինները չեն կանչել։ «Այսօր նա կգնա Ռուսաստանի դեսպանատուն, բայց դատախազություն նրան դեռևս չեն կանչել»,– ասել է փաստաբանը։

Նախօրեին Ներսիսյանն ասել է, որ Միրոնովը կարող է անարգել լքել Հայաստանը, քանի որ դատարանը նրան չի կալանավորել, և նա բացարձակ ազատ է։

Հայաստանի ոստիկանության տվյալներով, օգոստոսի 26-ին ժամը 16.30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Սերգեյ Միրոնովը, որը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից։ Սերգեյ Միրոնովին կասկածում էին «Գենեզիս» ընկերության միջոցով զենքի առևտրի մեջ։ Հիշեցնենք, որ նա այդ ընկերությունում աշխատում է որպես ծրագրավորող և ցանցային ադմինիստրատոր։

Փաստաբանի խոսքով, Միրոնովը սովորական ծրագրավորող է և գաղտնի տեխնոլոգիաների հասանելիություն չունի։

Երկուշաբթի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը մերժեց Միրոնովի կալանավորման մասին դատախազության միջնորդությունը և ազատեց նրան։