Բավ է պառակտվել
14-03-2016 15:04

Ռուս սահմանապահները Հայաստանում իրավախախտի են ձերբակալել (լուսանկարներ)

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության աշխատակիցները սահմանային ռեժիմը խախտողի են ձերբակալել, որն անօրինական կերպով գտնվում էր հայ-թուրքական սահմանի մոտ, հաղորդում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության մամուլի ծառայությունը։
«Շիրակի մարզի Երազգավորս գյուղի սահմանային գոտում հայտնվեց անծանոթ մի անձ, որը տեղի բնակիչներից հետաքրքրվում էր, թե ինչպես կարող է գնալ Թուրքիա` Սև ծովում հանգստանալու»,-ասված է հաղորդագրության մեջ։
Զգոն քաղաքացիներն օպերատիվ կերպով այդ մասին հայտնեցին Գյումրու սահմանապահ ջոկատի մոտակա ուղեկալ։

Ռուս սահմանապահների և ՀՀ իրավապահ մարմինների համատեղ ծրագրի համաձայն` գյուղ գնաց Ոստիկանության, ԱԱԾ և Գյումրու սահմանապահ ջոկատի համատեղ օպերատիվ խումբը։ Րոպեներ անց չարագործը ձերբակալվեց։
Անձնական զննության ժամանակ իրավախախտի մոտ հայտնաբերվեց Բելառուսի 1987թ. ծնված քաղաքացու անձնագիր, տարբեր երկրների 8 տեսակի արժույթ։ Ինչպես պարզվեց, օրինախախտը «պարզապես սիրում է ճամփորդել պատահական մեքենա կանգնեցնելով»։ Իրավապահ մարմինների աշխատակիցները նրան բացատրեցին, որ ՀՀ «Պետական սահմանի մասին օրենքի» 22-րդ հոդվածի համաձայն` նա խախտել է սահմանային գոտի մուտք գործելու և գտնվելու կարգը, նրան չի տրվել թույլտվություն համապատասխան մարմինների կողմից։

Ստուգման արդյունքում պարզվեց նաև, որ տվյալ քաղաքացին հաշվառման է կանգնած հոգեբույժի մոտ և 2015 թվականին 8 ամիս որոնվել է Բելառուսի կամավորների և ոստիկանների կողմից` որպես անհետ կորած։ 2015 թվականի մարտից Բելառուսում որոնվում էր Վիտեբսկ քաղաքի բնակիչ Լյուցկո Յուրի Անդրեևիչը (1978 թ. ծնվ.)։ Տղամարդը հոգեկան հիվանդություն ուներ։ Գործող օրենսդրության համաձայն` ձերբակալվածը հանձնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին` հետագա քննության համար։