Բավ է պառակտվել
06-06-2016 16:21

Ինչու՞ են ձերբակալվել բարձրաստիճան զինվորականները Հայաստանում` կարծիքները տարբեր են

Ըստ քաղաքական վերլուծաբանների, ամպերը հավաքվում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխին, իսկ նախարարությունում իրականացվող ձերբակալությունները կարող են ի վերջո, նաև ազդել նրա պաշտոնը զբաղեցնելու նպատակահարմարության վրա: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ հասարակության և քաղաքական գործիչների ուշադրությունը սևերված է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմը:
Երկրի նախագահի հրամանագրերով արդեն աշխատանքից ազատվել են մի քանի բարձրաստիճան զինվորականներ, հարուցվել են մի քանի քրեական գործեր: Պաշտպանության նախարարության երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ձերբակալվել են: Նրանք մեղադրվում են իշխանության չարաշահման մեջ, որը ծանր հետևանքներ է առաջացրել:
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնել է, որ Պաշտպանության նախարարության 3 նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են իշխանությունը չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ: ՊՆ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Նախաքննության ձեռք բերած տվյալների համաձայն, գեներալն ու գնդապետը մեղադրվում են 145 միլիոն դրամի չպահանջված պահեստամասեր ձեռք բերելու մեջ, այն էլ՝ ուռճացված գներով: Այս արարքի համար, ըստ Քրեական օրենսգրքի, նախատեսվում է 3-ից 7 տարվա ազատազրկում:
«Կոնկրետ ՍՊԸ-ի հետ կնքվել է 145 միլիոն դրամի պահեստամասերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր, որի պահանջարկը տվյալ պարագայում չի եղել: Արդյունքում ձեռք են բերվել չպահանջված պահեստամասեր՝ ակնհայտ ուռճացված գներով»՝ ասել է Սոնա Տռուզյանը: Մեկ այլ քրեական գործով կալանավորված գնդապետին՝ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ Մհեր Պապյանին առաջադրված մեղադրանքը՝ իշխանությունը չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, մի փոքր ավելի խիստ պատիժ է սահմանում՝ 4-8 տարի:
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, տվյալներ կան, որ գնդապետ Պապյանը անձնական շահագրգռություններ է ունեցել և բարենպաստ պայմաններ է ստեղծել, որ իր ազգականին պատկանող ընկերությունը հաղթի մրցույթում. «Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ գնդապետը, ի պաշտոնե պատասխանատու լինելով գնման ենթակա ապրանքների, ծառայությունների շուկայական գների ուսումնասիրությունը կազմակերպելու համար, անձնական շահագրգռվածությունից ելնելով բարենպաստ պայմաններ է ստեղծել կոնկրետ ընկերության հաղթելու հավանականությունը ապահովելու համար, և արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել իր ազգականի կողմից ղեկավարվող ընկերությունը, որի հետ ստորագրվել է շուկայականից շատ ավելի բարձր գներով ապրանքատեսակների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը»:
Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, առերևույթ կատարված հանցագործությունները, որոնք վերագրվում են գեներալ Չիլինգարյանին և գնդապետ Մարգարյանին, տեղի են ունեցել 2011-12 թվականներին, իսկ գնդապետ Պապյանի մասնակցությամբ տեղի ունեցած առերևույթ հանցագործությունը վերաբերում է 2015-ին:

Հարցին, թե արդյոք հարուցված քրեական գործերը որևէ կապ ունեն Ղարաբաղում ապրիլի քառօրյա պատերազմի հետ քննչական կոմիտեում հայտարարել են, որ նախկինում ևս նման քրեական գործեր ուսումնասիրվել են` մի քանի ամիս առաջ գրեթե կես միլիոն դոլար գումարի հափշտակման վերաբերյալ գործ է դատարան է ուղարկվել:
Մինչդեռ պաշտպանության ոլորտում կալանքները շարունակվում են: Մայիսի 4-ին ձերբակալվել է Երևանի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը: Ավետիսյանը ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ, առանձնակի խոշոր չափի կաշառք` $5000 ստանալու ժամանակ է ձերբակալվել: Ըստ քաղաքական վերլուծաբանների, ամպերը հավաքվում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխին, իսկ նախարարությունում իրականացվող ձերբակալությունները կարող են ի վերջո, նաև ազդել նրա պաշտոնը զբաղեցնելու նպատակահարմարության վրա:
«Բացառված չէ, նաև, որ իշխանական վերնախավում Սեյրան Օհանյանին արդեն իսկ տեղեկացրել են, որ ինքը լավագույն դեպքում մինչև եկող գարնանը կայանալիք ԱԺ ընտրությունները կպաշտոնավարի, դրանից հետո իր քաղաքական կարիերան ավարտված է: Ի վերջո, մի պահ նրա գործերն այնքան «լավ» էին, որ հենց Օհանյանին էին համարում Սերժ Սարգսյանի ժառանգորդը: Իսկ այսօր, շնորհիվ նրա ծաղկասեր տիկնոջ ու պաշտոնավարման մեթոդների, նախարարի պաշտոնում մնալն անգամ արդեն անընդունելի է դարձել», - այս առիթով գրում «Ժողովուրդ»-ը:
Լայն արձագանք է առաջացրել նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի Facebook-յան էջի հրապարակումը, ով մեկնաբանել է պաշտպանության բնագավառում վերջին ձերբակալությունները: Ըստ նրա ձերբակալվեցին բանակի մի քանի պաշտոնյաներ, որովհետև`
«1. Կերել էին ու չէին կիսվել ամենավերևների հետ: 2. Պետք էր բոլորին ցույց տալ, որ բանակը կարգի բերելու համար մեզ Սամվել Բաբայանը պետք չէ: 3. Կառավարության հակակոռուպցիոն արշավը զոհեր է պահանջում: 4. Քառօրյա պատերազմի արդյունքում բացահայտված բոլոր թերացումները պետք էր ջարդել միջին օղակի գլխին, որ մոռացվեր գլխավորը: 5. Քաղաքական պայքարի շրջանակներում ձեռնտու էր հարվածել հենց այս ոլորտի ղեկավարին` բռնելով ու վախեցնելով նրա ենթականերին: Կա՞ն արդյոք այլ վարկածներ: Այո: Հնարավոր է, այս մարդիկ պարզապես մեղավոր էին, և իրավապահները մինչ այս չգիտեին նրանց մեղքերի մասին: Հնարավոր է իրավապահները դեռևս անտեղյակ են նաև այլ ոլորտներում նմանատիպ չարաշահողների մասին: Իսկապես շատ բան է հնարավոր քառօրյա պատերազմից հետո` խորհրդարանական ընտրություններից առաջ», - գրել է մարդու իրավունքների նախկին պաշտպանը