15-10-2016 15:13

Խաչատուրով. Հայաստանն առաջնահերթ նշանակություն է տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր ողջունեց Երևանում անցկացվող ՀԱՊԿ անդամ երկրների տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով համաժողովի մասնակիցներին: Նա նշեց, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանում նման միջոցառումների անցկացումն արդեն բարի ավանդույթ է դարձել:
«Ես ուրախ եմ, որ այսօր հավաքվել ենք ոչ միայն այդ ավանդույթը շարունակելու համար»,-ասել է նա ու ներկաներին հիշեցրել, որ միջոցառման անցկացումը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության օրոք:

«Այս համատեքստում ես ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը առաջնահերթ նշանակություն է տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը: Դա մեր երկրի տնտեսության առավել արագ զարգացող ճյուղերից է, որ տարեկան կայուն աճ է ցույց տալիս»,-ասել է Խաչատուրովը:

Նա հիշեցրել է, որ ՀՀ նախագահի հրամանգրով 2009-ի հուլիսի 6-ին հիմնադրվել է ՀՀ նախագահի մրցանակ ՏՏ ոլորտում համաշխարհային նշանակության ավանդի ներդրման համար, օրինակ նախորդ տարի մրցանակին արժանացել է Եվգենի Կասպրսկին:

«Դա վկայում է այն կարևորության ու առաջնահերթության մասին, որը մենք տալիս ենք կիբերանվտանգության ապահովմանը»,-ասել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: