10-11-2016 16:21

Փաստաբան. Ակնհայտ է, որ Վալերի Պերմյակովը պատիժը կրելու է ՌԴ-ում

Ակնհայտ է, որ Վալերի Պերմյակովը պատիժը կրելու է Ռուսաստանում: Նման կարծիք է հայտնել Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով տուժողի շահերը ներկայացնող փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Պերմյակովի վարքագծում ինձ համար զարմանալի ոչինչ չկար: Առաջին ատյանի դատարանում լրագրողները նույնպես համոզվեցին նրա տարօրինակ վարքում: Ամբողջ դատական գործընթացի ժամանակ նա իր տեսքով ցույց էր տալիս, որ գործընթացն իրեն չի հետաքրքրում: Դատահոգեբուժական փորձաքննության ժամանակ նա նշել էր, որ գիտակցում է, թե ինչպիսին կլինի պատիժը եւ պատրաստ է դրան: Վարքը դրանով է պայմանավորված: Դրանով է պայմանավորված նաեւ այն, որ նա բողոք չունի եւ համաձայն է ամեն ինչի հետ ու չի ուզում ներկա լինել դատարանում: Այսինքն՝ պայմանավորված է հոգեկան առողջության վիճակով: Դա անտարբերության ցուցադրություն է, քանի որ անկախ այն հանգամանքից, թե բողոքը կքննվի, թե ոչ, դատավճիռն, ըստ էության, չի փոխվի»,- նշեց փաստաբանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք այդքան անհրաժեշտ է Պերմյակովի ներկայությունը դատարանում՝ փաստաբանը նշեց, որ դա շատ կարեւոր է: «Բայց մենք հասկանում ենք, որ սա բացառիկ գործընթաց է: Նրան չեն հանձնել ՀՀ իշխանություններին, բայց դատում է հայկական դատարանը, եւ եթե այլ դեպքերում ամբաստանյալի ներկայությունը դատարանում կարող է լուծվել այլ միջոցներով, ապա այստեղ պարզ է, որ դա, ըստ էության, անհնար է, այսինքն՝ հնարավոր է միայն ցանկության դեպքում: Նիստում բարձրացվել է նաեւ բերման ենթարկելու հարցը: Իսկ ո՞նց կարող եք դա պատկերացնել: Ո՞վ կարող են նրան բերման ենթարկել ռուսական բազայից: Դա ուղղակի անհնար է: Եթե Պերմյակովը ներկա գտնվելու ցանկություն չհայտնի, դա դատարանին ելք չի թողնի»,- ասաց փաստաբանը:

Լուսինե Սահակյանը, միաժամանակ, հիշեցրեց, որ դատավարությանը ներկա գտնվելու՝ Պերմյակովի ցանկության բացակայությունը չի նշանակում նրա իրավունքների խախտման առկայություն. «Ընդհանուր իրավասության դատարանում նրա ներկայությունը նույնպես ձեւական բնույթ էր կրում, նույնը կլինի նաեւ Վերաքննիչ դատարանում: Իմ կարծիքով՝ Պերմյակովի իրավունքները չեն խախտվել, դատարանն անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել է՝ նրա ներկայությունն ապահովելու համար: Պարզապես քանի որ հակասություններ կային նրա եւ նրա փաստաբանի միջեւ՝ պաշտպանության նրա իրավունքն ամբողջությամբ ապահովելու հարցում, լավ է, որ դատարանը հետաձգեց նիստը, որպեսզի վերջնականապես պարզի, արդյո՞ք նա է գրել հայտարարությունը, որպեսզի փաստաբանը նույնպես համոզվի ճնշման բացակայության հարցում, եւ չի բացառվում, որ երկրորդ օրակարգը կփոխի նրա որոշումը, եւ նա կցանկանա ներկա գտնվել դատարանում»:

Հետագայում պատիժը կրելու մասին հարցին ի պատասխան՝ Լուսինե Սահակյանը նշեց, որ հարցը, ըստ էության, լուծված է: «Պերմյակովին չեն հանձնել Հայաստանին: Հետեւաբար՝ պատիժը կրելու հարցը նույնպես պարզ է: Այլ հարց է, որ եթե հանկարծ իրավիճակ ստեղծվի, որի դեպքում Պերմյակովին Հայաստանին հանձնեն: Հանկարծ Ռուսաստանը որոշի խախտել սեփական օրենսդրությունն ու նրան Հայաստանին հանձնի: Բայց դա բացառիկ դեպք կլինի, եւ չեմ կարծում, որ իրադարձություններն այդ կերպ կզարգանան: Այսինքն՝ ակնհայտ է, որ Վալերի Պերմյակովը պատիժը կրելու է Ռուսաստանում»,- նշեց Լուսինե Սահակյանը:

Խոսելով Վալերի Պերմյակովի պաշտպանության մասին՝ Լուսինե Սահակյանն ընդգծեց, որ հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանն արել է հնարավոր եւ անհնարին ամեն ինչ: «Նույնիսկ հաշվի առնելով, որ դատավճռի բողոքարկված մասը չի փոխի վերջնական դատավճիռը՝ ցմահ ազատազրկումը, փաստաբանն արեց դա: Նրանց միջեւ նաեւ վստահություն կար, դա ակնհայտ է: Եթե պարզվի, որ Պերմյակովի վրա ճնշում է գործադրվել (դատավարությանը մասնակցությունից հրաժարվելու եւ դատավճիռը բողոքարկելու հարցում - խմբ.), փաստաբանը կկարողանա հայտարարել այդ մասին»: