Բավ է պառակտվել
11-10-2016 09:22

Լևոն Հայրապետյանին տեղափոխել են «սադիստական» պայմաններով բանտ. Ահազանգ

«Լևոն Հայրապետյանը տեղափոխվել է Մորդովայի բանտ, որտեղ պայմանները սարսափելի են», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ի պաշտպանություն գործարար Լևոն Հայրապետյանի ստեղծված նախաձեռնող խմբի անդամ, իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: Մինչ այդ Հայրապետյանը պահվում էր «Մոտրոսկայա տիշինա» բանտում:

Իրավապաշտպանի խոսքով, թեպետ Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը այժմ բավարար է, սակայն Մորդովայի բանտում երկար ժամանակ մնալով, նրա հիվանդությունները կխորանան, և նա առողջական լուրջ խնդիրների առաջ կկանգնի:

Մակարյանը նկատեց, որ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը իրավապահները պատճառաբանել են նրա առողջական վիճակի բարելավմամբ, իբրև թե այստեղ կան հատուկ պայմաններ, սակայն այսպես, ըստ բանախոսի, Լևոն Հայրապետյանին ինչ-որ տեղ ցանկանում են «ծնկի բերել»:

Այդուհանդերձ, նրա ներկայացմամբ, Հայրապետյանի պաշտպանական կողմը հույս ունի, որ մինչև տարեվերջ հայազգի գործարարը ազատ կարձակվի: «Դատարանը ապացուցված չի համարել հանգամանքը, որ Հայրապետյանը հանցանք է գործել, և ցուցմունք տվողները, ովքեր չեն բավարարում ապացույցների հիմնարարությանն ու սկզբունքայնությանը, չի կարող այդ մարդը հայտնվել մանտային սադիստական պայմաններում», -հայտարարեց Մակարյանը:

«Երբ ազատվեմ, վերադառնալու եմ Արցախ և շարունակեմ իմ բարի գործերը»,-գործարարի 14-ամյա դստեր՝ Զարուհի Հայրապետյանի փոխանցմամբ, հեռախոսազրույցում ասել է հայրը: Դստեր խոսքով, իրենց հետ տեսակցությունն արգելված է առանց իրավական պատճառաբանության: Այդ զրույցի ժամանակ դստեր փոխանցմամբ, հայրը նաև ասել է, որ չնայած իր ծանր հոգեվիճակին, միշտ կանգնած է Արցախի կողքին:

Ինչ վերաբերում է ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի Երևանում անցկացվող բողոքի ակցիաներին, որոնք երկեր ժամանակ է՝ դադարեցվել են, Մակարյանն ասաց, որ «վերևներից է ասվել դադարեցնել դրանք»:
«Ինձ ասացին, որ վերևներից ասվել է, որ ակցիաները դադարեցվեն, բայց ես կարծում եմ, որ ակցիաները դադարեցումը բերեց նրան, որ մենք այսօր ունենք այն ինչ ունենք: Ակցիաները պետք է շարունակաբար արվեր և փորձեինք ճնշումներ գործադրել այնտեղի վրա»,- նշեց իրավապաշտպանը: