25-07-2014 08:19

Որքանո՞վ է անվտանգ Երևանի մետրոն Մոսկովյան վթարի ֆոնին

Ինչպես հայտնի է՝ հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոյի Արբատո-Պոկրովյան կայարանների հատվածում տեղի ունեցավ խոշոր վթար:
Այս աղետը, թերևս, պետք է մեր համար էլ ահազանգ լինի այն առումով, թե որքանով է անվտանգ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երթևեկությունը: Այս հարցի պատասխանը «Իրավունք»-ը փորձել է  ստանալ Երևանի մետրոպոլիտենի անվտանգության գծով փոխտնօրեն Մուշեղ Բարսեղյանից, ով նախ անդրադարձավ Մոսկվայի մետրոյի վթարի պատճառներին.

«Նախ նշեմ, որ Մոսկվայի մետրոյի վթարի պատճառների վերաբերյալ դեռևս վերջնական պատասխան չունենք: Սակայն, նախնական տվյալներով, սլաքային փոխադրիչի տեղափոխման ժամանակ գծային շարժակազմից ինչ-որ դետալ է ընկել, որը առջևի վագոնի արգելակում է առաջացրել: Այդ առումով հիմա մեզ մոտ հանձնարարականներ ենք տվել, որ սլաքային փոխադրիչների արտահերթ ստուգումներ կատարվեն, և մշտական հսկողության տակ լինեն: Բացի դրանից մետրոպոլիտենում այլ կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների նկատմամբ ուժեղացված հսկողություն կա: Այսինքն, եթե աշխատանք են կատարում, մենք մեր ներկայացուցիչներին հանձնարարում ենք, որ այն հնարավորինս հսկվի: Մոսկվայի մետրոպոլիտենում այլ կազմակերպության կողմից էին աշխատանքներ տարվել, բայց նորմալ հսկողություն չի իրականացվել: Եվ պատահական չէ, որ սլաք տեղադրողները, տվյալ կազմակերպության ղեկավարը և կապիտալ շինարարության տնօրենը արդեն կալանավորված են»:

- Ձեր թվարկած միջոցառումներից հետո կարելի՞ է ենթադրել, որ Երևանյան մետրոպոլիտենն այդ միջոցառումներից հետո նման խնդրի առաջ չի կանգնի:

- Մեր շարժակազմերը, տեխնիկական համակարգը մշտական հսկողության տակ են, այսօր էլ ուժեղացված հսկողություն է իրականացվում: Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որպեսզի անվտանգության հարցերին առաջնահերթ լուծումներ տրվեն: