16-12-2014 13:11

Երևանում Ամանորյա միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 22-ից

«Դեկտեմբերի 22-ին ժամը 19:00-ին կվառվեն Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը, միաժամանակ Երևանի լուսային ձևավորումները»,-այս մասին այսօր լրագրողների հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Պատոնյան խոսքով՝ Մայր տոնածառի լույսերը վառելու արարողությանը հաջորդելու է համերգային ծրագիր. կենդանի կատարումներով հանդես են գալու էստրադային արվեստի ներկայացուցիչները: «Երևանի 12 վարչական շրջանները նույնպես զարդարված են լինելու ու տոնական տրամադրություն են ապահովելու մինչև հունվարի 13-ը»,-ասաց Պարոն Սուքիասյանը:
Փոխքաղաքապետն ասաց, որ Երևանի քաղաքապետարանն այս տարի ևս համագործակցում է մասնավոր սեկտորի հետ. նրանք պետք է զարդարեն իրենց օբյեկտների, խանութների տարածքը: Հայտարարված է մրցույթ. լավագույն տոնական ձևավորում ապահոված ընկերության սեփականատերը, տնօրենը կպարգևատրվի:
«Դեկտեմբերի 23-ին բացվելու է Կարապի լճի սահադաշտը: Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվելու է մեծ միջացառում, լինելու է հրավառություն՝ ուղիղ կեսգիշերին: Այդ օրը մետրոպոլիտենը աշխատելու է մինչև ժամը 2:00-ն»,-նշեց բանախոսը: Հունվարի 5-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվելու է միջոցառում փոքրիկների համար: Հունվարի 6-ին Հանրապետության հրապարակում նշվելու է սուրբծննդյան տոնը, հիմնականում ելույթ են ունենալու ազգային երգարվեստի, պարարվեստի ներկայացուցիչներ, հոգևորականներ: Հունվարի 13-ին կամփոփվեն միջոցառումները՝ համերգային ծրագրով:

Ամանորյա միջոցառումների, ձևավորումների, տոնածառի զարդարման համար համայնքային բյուջեից հատկացվել է 48 միլիոն դրամ:
Ա. Սուքիասյանը նաև հայտնեց, որ 24.300 անապահով երեխայի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական բաժինների կողմից տրվելու են մթերքով փաթեթներ: 38.500 քաղցրավենքով փաթեթներ բաժանվելու են մանկապարտեզի սաներին, նաև մանկատներում, սոցիալական այլ կառույցներում ապրող երեխաներին: Քաղաքապետարանի սոցիալական վարչության կողմից բաժանվելու է ամանորյա ներկայացումների 4000 տոմս: