Բավ է պառակտվել
03-02-2015 10:26

Ցեղասպանության 100-ամյակի առթիվ Երևանը հավուր պատշաճ տեսքի կբերվի

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է Երեւան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որի շրջանակում քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ հանձնաժողովին կից ստեղծված աշխատանքային խմբում շարունակվում են քննարկվել բոլոր այն առաջարկները, որոնք ներկայացվել են հանձնաժողովին: Նաեւ զեկուցվել է, որ ներկայացված առաջարկների մի մասը հիմնականում ընդունվել է ի գիտություն եւ ներառվել նախատեսվող միջոցառումների ցանկում, իսկ վարչական շրջանների ներկայացրած ծրագրերը գտնվում են քննարկման փուլում: Հաշվի առնելով օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների եւ հազարավոր հյուրերի սպասվող այցը Երեւան` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է արդեն իսկ սկսել մայրաքաղաքում հավուր պատշաճի տեսք ապահովելու ուղղությամբ նախատեսված բարեկարգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է նաեւ Երեւան քաղաքի ոստիկանության եւ ՃՈ-ի հետ համատեղ քննարկել ապրիլի 23-ին եւ 24-ին նախատեսված գեղարվեստական միջոցառումների, երթերի սպասարկման ժամանակացույցերն ու քաղաքացիների անվտանգության ապահովման հարցերը: Նիստի ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների եւ դրանց տեղանքների հստակ ժամանակացույցը: