Բավ է պառակտվել
12-12-2014 10:56

Խստորեն դատապարտում եմ ոտնձգությունները քաղաքական գործիչների դեմ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խստորեն դատապարտում է ոտնձգությունները քաղաքական գործիչների նկատմամբ:

ՄԻ պաշտպանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Խորապես մտահոգված եմ վերջին օրերին քաղաքացիների ավտոմեքենաների հրկիզման, առավել եւս մարդկանց ծեծի, բռնության ենթարկելու դեպքերի մասին տեղեկություններով: Սուրեն Սարգսյանի դեպքի նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, իմ տեղակալը հանդիպել է նրան, երեկ՝ ժամը 23-ի սահմաններում, իմ ներկայացուցիչներն այցելել են Արամ Մանուկյանի բնակության վայր: Թեեւ այս պահի դրությամբ Սուրեն Սարգսյանը եւ Արամ Մանուկյանը մեզ դիմում-բողոքներ չեն ներկայացրել ընդդեմ պետական մարմինների, սակայն պատրաստ ենք հարուցել վարույթներ տուժածներից բողոքներ ստանալուն պես: Անկախ այդ հանգամանքից՝ այս բոլոր գործերի քննությունն առաջիկայում եւս կլինի մեր ուշադրության կենտրոնում: Ակնկալում եմ, որ բոլոր իրավապահ մարմինները կգործեն օպերատիվ եւ անաչառ, որպեսզի մեղավորները հնարավորինս արագ բացահայտվեն եւ պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հանրությունը պետք է համոզվի, որ մեղավորներն անպատիժ չեն մնում, իսկ քաղաքացիների ապահովության սպառնալիքները վերացված են: Հանցագործությունների բացահայտմանը զուգընթաց, կոչ եմ անում բոլորին, հատկապես պետական եւ քաղաքական գործիչներին, իրենց հրապարակային ելույթներում պահպանել քաղաքական զսպվածության եւ իրավական էթիկայի նորմերը: Վերջին օրերին առանձին ագրեսիվ արտահայտություններ արդարացիորեն վրդովեցրել են հանրությանը: Հետագա անհարկի լարումից խուսափելու համար հուսով եմ՝ բոլոր կողմերը կպահպանեն մասնագիտական եւ մարդկային վարքագծի անհրաժեշտ ստանդարտները: Խստորեն դատապարտում եմ ցանկացած ոտնձգություն որեւէ քաղաքացու եւ հատկապես քաղաքացիական ու քաղաքական գործիչների գույքի կամ անձի նկատմամբ»: