Բավ է պառակտվել
15-01-2015 08:58

Գյումրիի ողբերգության ժամանակագրությունը

Հունվարի 12-ի վաղ առավոտյան՝ ժամը 6:00-ի սահմաններում, հայկական Գյումրի քաղաքում ենթադրաբար շամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ավտոմատ զենքով լքելով ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքը, ներթափանցել է Ավետիսյանների տուն եւ գնդակահարել ընտանիքի բոլոր անդամներին:

Առաջինը սպանվել է տանտիրուհին՝ 51-ամյա Հասմիկ Ավետիսյանը: Այնուհետեւ Պերմյակովը գնդակահարել է նրա ամուսնուն՝ Սերյոժա Ավետիսյանին, դստերը՝ Աիդային, որդուն՝ Արմենին եւ հարսին՝ Արաքսյա Պողոսյանին: Նրանց 2-ամյա դստերը՝ Հասմիկին, զինծառայողը սպանել է հենց մահճակալի մեջ:

Երբ հերթը հասել է կես տարեկան Սերյոժային, ավտոմատը չի կրակել, եւ Պերմյակովը որոշել է երեխային դանակով հարվածել: Զինծառայողը զինվորական համազգեստը փոխել է քաղաքացիական հագուստի եւ դուրս եկել տանից: Կեսօրից հետո 12:30-ին Շտապօգնության դիսպետչերական կետ հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Մյասնիկյան փողոցի N188 տանը հրազենային վիրավորումներով դիակներ են հայտնաբերվել: Զանգահարել է սպանված տանտիրուհու քույրը: Բժիշկներն անմիջապես կապվել են ոստիկանության հետ: Դեպքի վայր ժամանակ իրավապահները գտել են 6 սպանվածների եւ հրաշքով փրկված փոքրիկին: Կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վիրավորումով երեխային տեղափոխել են քաղաքային հիվանդանոց: Սենյակների խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել են Կալաշնիկով տեսակի ավտոմատ զենք, ռուսական ռազմական համազգեստ, դանակ, զինվորական կոշիկ, որի վրա նշված է եղել զինծառայող Վալերի Պերմյակովի անունը, ինչպես նաեւ կրակված 21 փամփուշտ՝ 4.5 մմ տրամաճափի եւ երկու պահունակ՝ մեկն ամբողջությամբ լիցքավորված, մյուսը՝ դատարկ: Շուտով ոստիկանություն հաղորդագրություն է ստացվել է ՌԴ Պաշտպանության նախարարության 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունից այն մասին, որ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը հունվարի 12-ի գիշերը փախել է զորամասից՝ իր հետ ավտոմատ տանելով: Հայտնի է, որ Պերմյակովը բանակ է զորակոչվել անցյալ տարի, Չիտինսկի մարզից, իսկ Հայաստան է փոխադրվել դեկտեմբերի 3-ին: Մինչ ՌԴ զինված ուժեր զորակոչվելը երիտասարդն իրավապահ մարմինների տեսադաշտում է եղել: Վալերի Պերմյակովի եղբայրը դատապարտված է սպանության համար: Ողբերգության պատճառների հետաքննության համար ռուսական ռազմաբազա ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողով է ուղարկվել՝ նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ: Գյումրիում իրականացված սպանության հետ կապված, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը օպերատիվ-քննչական խումբ է ստեղծել, որը գլխավորել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Մինչ այդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ՝ կապված Ավետիսյան ընտանիքի սպանության հետ: Ողբերգության փաստով Հայաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Մայրաքաղաքում եւ ամբողջ հանրապետությունում ենթադրյալ մարդասպանի լայնածավալ հետախուզում է ընթանում: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ցավակցություն է հայտնել սպանվածների հարազատներին ու մտերիմներին՝ նշելով, որ այդ սարսափելի հանցագործությունը կատարողը պետք է ամենախիստ պատիժը կրի: Ռուսական քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով. դասալքություն եւ սպանություն: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում Լավրովը վստահեցրել է, որ ռուսական կողմը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի՝ հանցագործագույն արագ բացահայտման համար: Ողբերգության հետ կապված հեռախոսազրույց է կայացել նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի եւ Սերգեյ Շոյգուի միջեւ: Շոյգուն իր խորը ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին ու ընդգծել, որ «ոչինչ չի կարող արդարացնել անմեղ մարդկանց հանդեպ նման բռնությունը»: Հունվարի 13-ին, ժամը 0:15-ին Պերմյակովը ռուս սահմանապահների կողմից ձերբակալվել է հայ-թուրքական սահմանին, Բայանդուր գյուղի շրջանում: Զինծառայողը քաղաքացիական հագուստով է եղել: Ստուգման ընթացքում անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել: Պերմյակովի մոտ երեք բջջային հեռախոս է եղել, գրպանի լապտեր եւ 6.000 դրամ (շուրջ 13 դոլար): Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության պետ, գեներալ-մայոր Բիրյուկովի որոշմամբ, Պերմյակովին փոխանցել են 102-րդ ռազմաբազայի հրամանատարին՝ բազայի ռազմական դատախազության եւ ռազմա-հետախուզական բաժնի ներկայացուցիչների ներկայությամբ:

Հունվարի 13-ի առավոտյան Պերմյակովը սկսել է ցուցմունք տալ: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի խոսքով, քննարկվում է վարույթի հետագա կազմակերպման հարցը: Նա հավելել է, որ ռուսական կողմը հակված է, որպեսզի հետաքննությունը Հայաստանում կայանա, քանի որ հանցագործությունը կատարվել է հանրապետության տարածքում: Կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՌԴ պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինի հանդիպումը: Ռուսաստանցի փոխնախարարը տեղեկացրել է ՌԴ ՊՆ հանձնաժողովի՝ հանցագործությունը բացահայտելուն ուղղված աշխատանքների մասին, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել քրեական գործը հետաքննելու շրջանակում շարունակել համագործակցությունը Հայաստանի իրավապահ մարմինների հետ: Հայաստանի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների բանակցություններից հետո հայտնի է դարձել, որ կասկածյալ Վալերի Պերմյակովին չեն փոխանցի Հայաստանի իրավապահներին: Պերմյակովը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եւ գտնվում է ռուսական իրավապահների, այսինքն՝ ՌԴ իրավազորության ներքո:

Սպանված ընտանիքի ողջ մնացած անդամը՝ 6 ամսական Սերյոժան, Գյումրիից տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Փոքրիկի վիճակը կայուն ծանր է գնահատվում: Նրան արհեստական շնչառության սարք են միացրել: Ցերեկը Երեւանում Ռուսաստանի դեսպանության շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվել: Մասնակիցները պահանջել են, որպեսզի ռուսական զինծառայողի գործով քննությունը վարի հայկական կողմը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չեղյալ հայտարարեց ժամը 20:00-ին նախանշված տոնական համերգը՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ կապված: Երեկոյան Ավետիսյան ընտանիքի անդամների մարմինները փոխադրեցին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցի: Բազմաթիվ մարդիկ են եկել՝ ցավակցելու սպանվածների հարազատներին ու մտերիմներին: Մինչ այդ, Երեւանի Ազատության հրապարակում տասնյակ մարդիկ մոմավառություն են անցկացրել՝ ի հիշատակ զոհերի: Հրապարակում պաստառներ են եղել. «Ձեռքներդ հեռու հայերին», «Կա՛մ հայկական դատարան, կա՛մ դուրս Հայաստանից»: