19-08-2014 20:06

Դժվարագույն պայմաններում ժողովուրդը և քաղաքական ուժերը համախմբվում են.ԱԺ պատգամավորներ

Ազգային ժողովի քաղաքական ուժերի՝ վերջերս հրապարակած քաղաքական հայտարարության արդյունքում խորհրդարանում ներկայացված կուսակցությունների նախաձեռնությամբ օգոստոսի 16-17-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը և ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երկօրյա այցով Տավուշի մարզում էին։


ՀՀ ԱԺ նախագահի և խորհրդարանականների առաջին հանդիպումը սահմանամերձ Մովսես համայնքի հենակետի դիրքապահների հետ էր։ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշեցին, որ ՀՀ եւ ԼՂՀ սահմանները պաշտպանող զինվորներն ու զինվորականները հակառակորդի՝ վերջերս իրականացրած դիվերսիոն գործողություններին տվեցին համարժեք պատասխան և հերթական անգամ ապացուցեցին հայ զինվորի ոգու անպարտելիությունը, Հայոց բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը։ Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները նշեցին նաեւ, որ հայ սահմանապահները զգոն ու մշտարթուն են եւ լավ են գիտակցում, որ մեր հայրենիքի անվտանգության ու անձեռնմխելիության առաջին պաշտպաններն են, և մեր երկրի ու ԼՂՀ սահմանների պաշտպանությունն ամուր ձեռքերում է։


Զինվորների հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց Մովսես համայնքի բնակիչների հետ: Անդրադառնալով սահմանամերձ համայնքների խնդիրներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են այդ խնդիրների լուծման ուղղությամբ: «Այսօր բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են մի գաղափարի՝ հայրենիքի պաշտպանության շուրջ: Դուք Հայոց բանակի մի մասն եք, եւ անհրաժեշտության դեպքում մենք միասնաբար ոտքի ենք ելնելու մեր երկրի պաշտպանության համար»,- դիմելով համայնքի բնակիչներին՝ նշեց ՀՀ ԱԺ նախագահը:


Այնուհետեւ ԱԺ նախագահն ու խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները ներկա գտնվեցին մեր երկրի սահմանները պաշտպանող զորամասերից մեկի՝ Մեհրաբի գնդի կազմավորման 14-ամյակի հանդիսավոր արարողությանը։ Ներկաները նշեցին, որ զորամասն իր մեծ ներդրումն ունի Հայաստանի հյուսիսարեւելյան դարպասները պաշտպանելու գործում եւ բարձր մարտունակության շնորհիվ կասեցնում է հակառակորդի ոտնձգությունները։
Զորամասի ակումբում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ առաջիկայում օրենսդրական բարեփոխումների արդյունքում կլուծվեն սահմանամերձ համայնքների առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ։

Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահը և պատգամավորները եղան նաև սահմանամերձ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վազաշեն համայնքներում եւ դիրքերում: Հանդիպումների ընթացքում սահմանամերձ համայնքների բնակիչները խորհրդարանականների հետ զրուցեցին իրենց մտահոգող հարցերի շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ այս համայնքների բնակչության խնդիրները իշխանությունների ուշադրության կենտրոնում են, եւ ամեն ինչ արվում է խնդիրների լուծման ուղղությամբ։

Ըստ պատգամավորների՝ դժվարագույն պայմաններում ժողովուրդը և քաղաքական ուժերը համախմբվում են եւ արտաքին թշնամուն միշտ կարողանում են հակահարված տալ:

Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպեցին սահմանամերձ Բերքաբեր և Բարեկամավան համայնքների բնակիչների հետ: Բարեկամավանում նրանք մասնակցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը:

Երկօրյա այցի ավարտին Տավուշի մարզի Բերդ համայնքում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը ներկա գտնվեց Մեղրի և հատապտուղների փառատոնին: ՀՀ ԱԺ նախագահն այցելեց նաեւ Տավուշի պատմամշակութային թանգարան: