Բավ է պառակտվել
29-10-2014 10:29

ԱԺ լսումներ՝ «Մշտական հանձնաժողովների դերը օրենսդրական գործընթացում» թեմայով

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ հոկտեմբերի 28-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Մշտական հանձնաժողովների դերը օրենսդրական գործընթացում. միջազգային փորձ» թեմայով: Լսումների ժամանակ հիմնական զեկույցով հանդես են եկել Պառլամենտական կարողությունների զարգացման փորձագետ Ալիստար Դոհերտին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետ, Հանրային իրավունքի պրոֆեսոր Ալան Փեյջը: Ալիստար Դոհերտին իր զեկույցում անդրադարձել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մշտական հանձնաժողովների դերին: Նա նշել է, որ Միացյալ Թագավորության խորհրդարանում հանձնաժողովի խնդիրն է լիագումար նիստի ժամանակ նախագծում փոփոխություն կատարելուց հետո կառավարությանը ստիպել պաշտպանելու իրենց տեսակետը: Մեծ Բրիտանիայում օրենսդրական նախաձեռնությամբ կարող է հանդես գալ նաեւ մշտական հանձնաժողովը, ինչը նշանակում է, որ խորհրդարանն արտոնյալ կարգավիճակ է ստեղծում հանձնաժողովի կամ նրա անդամներից յուրաքանչյուրի համար: Բացի այդ հանձնաժողովը լիազորված է օրենքի նախագծում որոշակի փոփոխություններ կատարել, ինչը կառավարության անդամներին ստիպում է ավելի ուշադիր լինել իրենց կատարած գործի հանդեպ: Փորձագետը նշել է նաեւ, որ Մեծ Բրիտանիայում գոյություն ունի մշտական հանձնաժողովների երկու տեսակ` օրենսդրական եւ վերահսկողական: ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր զեկույցում կարեւորել է հանձնաժողովների ֆինանսավորման անհրաժեշտությունը: Պատգամավորը ներկայացրել է տարբեր եվրոպական երկրներում առկա փորձը՝ նկատելով, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում, մշտական հանձնաժողովները ֆինանսավորվում են: Նրա կարծիքով՝ այդպես հանձնաժողովին տրվում է աշխատելու հնարավորություն: Անդրադառնալով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների թվին՝ նա այն ուռճացված չի համարել, քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ կա 12 մշտական հանձնաժողով ունենալու իրավունք: Ըստ նրա՝ կան հանձնաժողովներ, որոնք կարող են միավորվել: Հանրային իրավունքի պրոֆեսոր Ալան Փեյջն իր զեկույցում նշել է, որ հանձնաժողովներն անբաժանելի են շատ օրենսդիրների աշխատանքային գործունեությունից: Նրա դիտարկմամբ` մշտական հանձնաժողովներն ունեն կարեւոր առավելություններ` մասնագիտացվածության, մանրակրկիտ ուսումնասիրության, խորհրդատվության եւ հանրության ներգրավման առումներով: Օրինակ՝ Ֆրանսիայում հանձնաժողովն իր քննարկման արդյունքում կարող է մերժել նախագիծը կամ ընդունել այն` փոփոխություններով, լրացումներով կամ առանց դրանց: Պորտուգալիայում հանձնաժողովները պատասխանատու են օրինագծերի նախնական քննարկումների համար, իսկ Սերբիայում Ազգային ժողովի կողմից օրինագծի քննարկմանը նախորդում է դրա ուսումնասիրությունը իրավասու հանձնաժողովի կողմից: Այստեղ հանձնաժողովները կարող են անցկացնել օրինագծերի հանրային լսումներ: