10-04-2014 14:49

Ադրբեջանում գերի ընկած հայ երիտասարդն այսօր հանձնվեց Հայաստանին

Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Հայաստան հայրենադարձվեց հայաստանցի քաղաքացիական անձը, որը նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի փոխանցմամբ, անձը հանձնվեց հայաստանյան պաշտոնյաների խնամքին ադրբեջանական Ղազախ եւ հայկական Իջեւան քաղաքների միջեւ անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Մինչ հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են Հայաստանի քաղաքացուն՝ ազատազրկման պայմանները եւ նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։ Կազմակերպության ներկայացուցիչները նաեւ կապ են պահպանել Հայաստանում նրա ընտանիքի հետ։ Գործելով որպես չեզոք միջնորդ եւ իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է քաղաքացիական անձի հայրենադարձման Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների համատեղ գործողությանը։ Նախքան գործողության իրականացումը՝ անձը հավաստիացրել էր ԿԽՄԿ-ին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով։ Հիմնվելով Ժնեւյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։ Այսօր ֆեյսբուքյան իր էջում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ևս նշել էր, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ՀՀ քաղաքացի Արսեն Խոջոյանին. ՛՛Ընդամենը մի քանի րոպե առաջ ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնեց հայկական կողմին: Ներկայումս նրան տանում են Իջեւանի հիվանդանոց զննության՛՛՝,- նշել էր նա: Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը մարտի 7-ին հատել էր Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը: Հարցաքննության ժամանակ նա ասել էր, որ սխալմամբ է անցել ադրբեջանական կողմ, երբ ոչխարների էր արածեցնում: Նշենք, որ ադրբեջանցիների մոտ գերի է նաեւ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը: