Բավ է պառակտվել
23-06-2014 18:06

Խիստ վերահսկողություն՝ շենք-շինությունների նպատակային օգտագործման ուղղությամբ

 

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող հսկողության արդյունքում հայտնաբերվել է իրավախախտման 11 դեպք, որոնցից 3 դեպքով արդեն իսկ կատարվել են քանդման աշխատանքներ: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քանդման դեպքերից մեկը մոտ 1000 քմ մակերեսով ապօրինի կառուցվող խոշորածավալ շինություն է եղել, որի ապամոնտաժումից հետո տարածքը սահմանազատվել է թիթեղյա ցանկապատով, տեղում ընթանում են մաքրման աշխատանքներ: Հանձնարարվել է շարունակել գործընթացը՝ հիմնական շեշտը դնելով ապօրինաշինությունների կանխարգելման վրա:
«Ապօրինի շինությունների հայտնաբերման և քանդման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից վերջին տարիներին իրականացվող հետևողական աշխատանքի արդյունքներն իսկապես նկատելի են, սակայն այս ուղղությամբ անելիքներ դեռ կան: Այդ ուղղությամբ հսկողությունը պետք է լինի մշտական: Բազմիցս եմ նշել, որ այս երևույթը մեզ համար անընդունելի է, և ապօրինության ցանկացած փորձ կանխվելու է, իսկ այն կատարողներն էլ ենթարկվելու են վարչական պատասխանատվության: Ամենափոքր խախտման դեպքում անգամ օրենքի ամբողջ խստությամբ ձեռնարկեք համապատասխան քայլերը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով օրեր առաջ մայրաքաղաքի աղբավայրերից մեկում բռնկված հրդեհին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել աղբավայրերի վարձակալների կողմից ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման նկատմամբ:
«Պարբերաբար աշխատանքներ տարեք և վերահսկեք աղբավայրերի վարձակալների կողմից իրենց պարտավորությունների կատարման ընթացքը: Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք համապատասխան միջոցներ, ընդհուպ՝ պարտավորությունները ոչ պատշաճ իրականացնելու համար խզեք վարձակալության պայմանագիրը: Հեռանկարային մեր ծրագրերում, անշուշտ, մենք նախատեսել ենք աղբի վերամշակման գործարանի ստեղծումը, ինչն, ըստ էության, առավելագույնս կնպաստի աղբավայրերի արդյունավետ կառավարման, աղբի կուտակումներից ձերբազատվելու, ինչպես նաև դրա հետևանքով անցանկալի երևույթներից խուսափելու հարցում: Սակայն մինչ այդ պետք է խստորեն հետևեք, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Աղբամուղների մաքրման աշխատանքների հետ կապված էլ հանձնարարվել է, հաշվի առնելով ամռան այս շրջանում ջերմաստիճանի բարձրացումը, սահմանված հստակ ժամանակացույցով պարբերաբար կազմակերպել դրանց ախտահանման աշխատանքներն ու տարածքները պահել մշտական հսկողության տակ:
Զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում մայրաքաղաքում առկա մսի վաճառակետերի գործունեության նկատմամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և առողջապահական պետական տեսչության մասնագետների հետ համատեղ պարբերաբար կատարվում են շրջայցեր, խախտումների հայտաբերման դեպքում ձեռնարկվում են համապատասխան քայլեր: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ առավել ակտիվացնել աշխատանքներն ու գործընթացը պահել մշտական խիստ հսկողության ներքո:
Անդրադառնալով մայրաքաղաքում որոշակի շենք-շինությունների նպատակային օգտագործմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել և համապատասխան քայլեր ձեռնարկել ոչ նպատակային օգտագործման դեպքերի մասով: Հաշվի առնելով բնակիչների կողմից պարբերաբար հնչեցվող ահազանգերը՝ հանձնարարվել է խստորեն նախազգուշացնել բազմաբնակարան բնակելի շենքերով պարփակված հատվածներում առկա օբյեկտների սեփականատերերին տվյալ տարածքները մասնավորապես հոգեհանգստյան արարողությունների կազմակերպման նպատակով տրամադրելու անթույլատրելիության մասին և քայլեր ձեռնարկել նմանօրինակ գործունեությունը կանխարգելելու ուղղությամբ: Այն սեփականատերերը, ովքեր չեն կատարի առաջադրվող պահանջը՝ օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող մշտադիտարկումը: Ըստ այդմ, նախորդ շաբաթ հայտնաբերվել է վարորդների ծխելու 5 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Դժգոհություն հայտնելով իրականացվող աշխատանքների արդյունքներից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով նաև մեքենաների արտաքին և ներքին սանիտարական պատշաճ վիճակի ապահովմանը, մեքենաներում հնչող երաժշտությանը, ինչպես նաև ընթացքի ժամանակ բջջային հեռախոսներով վարորդների խոսելուն:
«Ամեն օր հասարակական տրանսպորտից օգտվում են հազարավոր երևանցիներ, և շատ կարևոր է, որ մեքենաներում ապահովված լինեն պատշաճ պայմաններ: Մեր քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս են բարձրացվել մեքենաներում հնչող երաժշտության մասին դժգոհություններ, ինչպես նաև ընթացքի ժամանակ վարորդների ծխելու կամ բջջային հեռախոսով խոսելու հետ կապված: Նման անթույլատրելի երևույթները բացառելու նպատակով անձամբ երթևեկեք երթուղայիններով: Միայն վերջնականգառներում լինելով հնարավոր չէ ամբողջությամբ տիրապետել տիրող վիճակին, ինչն էլ իր հերթին հնարավորություն չի տալիս ներկայացնել իրական պատկերը: Ձևավորեք առանձին աշխատանքային խմբեր ու անձամբ շրջեք երթուղայիններով, տեղում ծանոթացեք իրավիճակին, որ ձեզ համար էլ տեսանելի լինի իրական պատկերը, ինչից և արդարացիորեն դժգոհում են մեր քաղաքացիները: Համոզված եղեք, որ եթե հենց տեղում, օրենքով սահմանված կարգով կիրառեք համապատասխան պատժամիջոցները, ապա կարճ ժամանակահատվածում թե՛ դուք և թե՛ մեր համաքաղաքացիները կնկատեն ու կզգան դրական փոփոխությունները»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջանների ծաղկապատման համար նախատեսված տարածքներ արդեն իսկ տեղափոխվել է 1 մլն 200 հազար ծաղկասածիլ: Հանձնարարվել է հատուկ ուշադրություն դարձնել մայրաքաղաքի մուտքերում իրականացվող կանաչապատման և ծաղկային ձևավորման աշխատանքներին: Բացի այդ, հանձնարարվել է նաև պարբերաբար զեկուցել լանդշաֆտային դիզայնի, ինչպես նաև շենքերի գունավորման ու բակերի նկարազարդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի մասին:
Զեկուցվել է, որ ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող և վերանորոգման անհրաժեշտություն ունեցող գույքի գույքագրումը: Քաղաքապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել և պարբերաբար ներկայացնել քաղաքապետարանի ենթակայության կրթական և առողջապահական հաստատությունների 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված վերանորոգման աշխատանքների ընթացքը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև պարբերաբար հանրությանը իրազեկել բակերի բարեկարգման, խաղերի տեղադրման, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին: