19-10-2016 14:15

Հովհաննիսյանի անվան քիմիական 118-րդ տարրը կհաստատեն նոյեմբերին

Հայտնի գիտնական Յուրի Հովհաննիսյանի պատվին oganesson (og) կոչված քիմիական տարրը կհաստատվի նոյեմբերին: Այդ մասին հայտնել է ինքը գիտնականը «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» միջազգային գիտաժողովից առաջ, որը նվիրված էր ինստիտուտի հիմնադրման 60-ամյա հոբելյանին:

1992 թվականից ՀՀ-ն դարձել է Միացյալ ինստիտուտի անդամ-պետություն: այաստանի մասնագետները մասնակցել և այսօր էլ մասնակցում են ՄՀՄԻ կողմից իրականացվող բազմաթիվ խոշոր նախագծերի. 12 հայ գիտնական և մասնագետ ընդգրկված են ինստիտուտի ծրագրերում:

«Տարրը կհաստատվի նոյեմբերի սկզբին: Տարրի հայտնաբերումը թույլ է տալիս հասկանալ, որ աշխարհն ավելի մեծ է, քան կարծում ենք»,-ասել է Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ նոր տարրի բացահայտման վրա 20 տարի է աշխատել:

«Մենք պատրաստվում ենք ներկայացնել Դուբնայում նոր գերծանր տարրերը, որոնք կընդգրկվեն Մենդելեևի աղյուսակում: Տարրերից մեկը շուտով կկրի հայտնի հայ գիտնական Յուրի Հովհաննիսյանի անունը»,-ասել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ինստիտուտի տնօրեն Մաքսիմ Մատվեևը:

Նա հավելել է, որ այդ առումով մեծ նշանակություն ունի իր ներկայացրած ինստիտուի կապերի ամրապնդումը Հայաստանի հետ:

Յուրի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թվականին Դոնի Ռոստովում: 1976-1989 թթ. եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի փոխտնօրեն, 1989-1997 թթ.՝ տնօրեն, 1997 թվականից՝ գիտական ղեկավար, միաժամանակ, 1971 թվականից՝ նույն լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետ։ 1969-1970 թթ.՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Մեսինայի (Իտալիա) համալսարանների պատվավոր դոկտոր։