Բավ է պառակտվել
06-09-2016 12:04

Դինքի սպանության գործի հետ կապված նոր սկանդալային բացահայտումներ են ի հայտ եկել

Պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից 9 տարի անց նոր սկանդալային բացահայտումներ են հրապարակվել նրա սպանության գործի հետ կապված: 

Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում Դինքի սպանության օրը երևում է, թե ինչպես է մարդասպան Օգյուն Սամասթն իր քայլերն ուղղում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, այդ նույն տեսանյությում երևում են նույն տարածքում անհանգիստ այսուայն կողմ քայլող տղամարդիկ, որոնք, կարծես, նշան են տալիս Օգյուն Սամասթին:

Տեսանյութում երևացող տղամարդիկ, ըստ Ստամբուլի դատախազության պնդումների, թուրքական ԶՈՒ-ի նախկին սպաներ են, որոնք վերջերս ձերբակալվել են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո երկրում կատարվող կադրային զտումների և խուզարկությունների շրջանակներում:

Վեց սպաները, որոնք փաստացի արդեն մեղադրվում են Դինքի սպանության գլխավոր պատասխանատուն լինելու համար, կասկածվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի և հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու համար: