28-10-2016 13:49

Աշխարահռչակ հայ գործիչների բաց նամակը՝ ազգի ապագայի մասին

IDeA հիմնադրամի նախաձեռնությամբ ԶԼՄ-ներում հրապարակվել է «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրված բաց նամակը՝ ստորագրված տարբեր երկրներում բնակվող անվանի հայերի կողմից: Նամակը հրապարակվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-րդ տարեդարձի առիթով: Այն ստորագրել են Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, Շարլ Ազնավուրը, Լորդ Արա Դարզին, Սամվել Կարապետյանը, Արթուր Ջանիբեկյանը և այլք:

Ներկայացնում ենք նամակի ամբողջական տեքստը, որի հիմնական գաղափարը նրանում է, որ ողջ աշխարհի հայերի համար ստեղծվել է պատմական հնարավորություն՝ միավորվելու և Հայաստանի ապագան միասնաբար կերտելու համար:

«Այս շաբաթ աշխարհի խոշորագույն հայկական կազմակերպությունը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Նյու Յորքում տոնում է իր 110-րդ տարեդարձը: Այս հանգրվանը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ապագան վերաձևելու համար և մտածելու, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է մասնակցել վաղվա առավել հզոր Հայաստանի կերտմանը:

Հայաստանում և Սփյուռքում ծառացող մարտահրավերներին դիմակայելու համար հիմնված ՀԲԸՄ-ն տարիների ընթացքում խթանել է սոցիալ-տնտեսական նախաձեռնությունները և աշխարհով մեկ հոգացել կրթական, մշակութային և մարդասիրական կարիքները: Մենք շնորհավորում ենք ՀԲԸՄ-ին Սփյուռքի համայնքներում հայկական ինքնության պահպանման գործում անգնահատելի դերի կապակցությամբ:

Նախնիների հողից բռնի տեղահանված աշխարհասփյուռ հայերն իրենց ապաստան տված երկրների զարգացման գործում մեծ ավանդ են ունեցել: Մենք վաղուց սովորել ենք ինտեգրվել մեզ հյուրընկալած երկրներում և հավատարիմ քաղաքացիներ լինել՝ Հայ եկեղեցու և քրիստոնեական մեր հավատքի միջոցով պահպանելով պատմական ինքնությունը և լեզուն:

Մենք ողջունում ենք բոլոր հայորդիների և կազմակերպությունների՝ Հայ Ավետարանչական Ընկերակցության, Հայ Օգնության Միության, Գյուլբենկյան հիմնադրամի և մյուսների երկարաժամկետ նվիրատվությունները, որոնք նպաստել են Սփյուռքի պահպանմանը` բարեգործական ծրագրերի միջոցով:

Ւ թիվս այլոց` մենք ճանաչում ենք անկախությունից ի վեր Հայաստանի զարգացման գործում հսկայական ավանդ ունեցած բարերարներ Քըրք Քըրքորյանի և Լուիզ Սիմոն Մանուկյանի անունները: 1990-ականների սկզբին այս առաջամարտիկների ջանքերը կենսական նշանակություն ունեցող հաստատություններ և ենթակառուցվածքներ ստեղծելու հնարավորություն տվեցին:

Նախկին Խորհրդային Միությունից անկախանալուց քառորդ դար անց, Հայաստանի երիտասարդ հանրապետությունը դեռևս խոցելի է, ինչպես և հայկական ինքնությունն աշխարհում: Այժմ մենք պատմական խաչմերուկում ենք և, սթափ գնահատելով առկա մարտահրավերները, առջևում նաև աննախադեպ հնարավորություն ենք տեսնում:

Դա Հայկական աշխարհը բարգավաճման մղելու, հետխորհրդային պետությունը գլոբալ ազգի համար զարգացող, ժամանակակից, անվտանգ, խաղաղ և առաջադեմ հայրենիք դարձնելու հնարավորությունն է:

Ոչ միայն Ցեղասպանությունը վերապրելու, այլև վերածնվելու և առաջ գնալու հնարավորությունն է:

Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունն է՝ ոչ միայն հանուն մեր քաղաքացիների, այլև երեխաների ու մեր ժողովրդի ապագայի:

Առաջ շարժվելով՝ ողջ աշխարհի հայությունն առավել հանձնառու պետք է լինի՝ սոցիալական ազդեցության թե առևտրային ներդրումների, նորարարությունների, փորձի, թե ակտիվ ներգրավման միջոցով: Երկարաժամկետ հեռանկարում մենք պետք է ձգտենք առնվազն համապատասխանեցնել Հայաստանը համաշխարհային այնպիսի չափանիշներին, ինչպիսիք գործում են մեզանից շատերին հյուրընկալած երկրներում:

Անհատական ջանքերից բացի, մենք ցանկանում ենք բոլոր հայորդիների և հայկական կազմակերպությունների միջև համագործակցության և համախմբման աննախադեպ ոգի ստեղծել: Կոչ ենք անում հայերին ազգի սոցիալական, տնտեսական, մշակութային և տեխնոլոգիական ուժը վերականգնելու ուղղությամբ երկարաժամկետ ներդրումներ իրականացնել՝ առանցքում ունենալով Հայաստանը: Միևնույն ժամանակ, մենք Հայաստանի կառավարությանը զարգացման նոր, համատեղ ջանքերի վրա հիմնված ռազմավարություններ ներդնելու միջոցով այս ուղերձին արձագանքելու կոչ ենք անում:

Հանուն Հայաստանի առաջխաղացման` աշխատող անհատները, ինչպես նաև հասարակական և մասնավոր կազմակերպությունները, հայ ժողովրդի ապագան ավելի լավը դարձնելու համար, պետք է համախմբվեն, միավորեն իրենց միջոցները և համագործակցեն: Մենք վստահ ենք, որ հաջողության հասնելու համար չի կարելի մեկուսացած՝ որպես Հայաստան և Սփյուռք գործել. մենք պետք է համախմբվենք և միասնական ուժ դառնանք:

Մենք այս քայլը նախաձեռնում ենք Հայաստանը միասնաբար առաջ մղելու երկարաժամկետ հանձնառությամբ և ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր կմիանան մեզ:

Միասին մենք «Գլոբալ հայերն» ենք: Եկել է ժամանակը, որ գլոբալ հայերը հանդես գան համարձակ նախաձեռնությամբ: