Բավ է պառակտվել
31-01-2014 11:30

ՀՀ ԿԳ նախարարը վրաց նախարարից պահանջել է պաշտպանել մեր հայրենակիցների իրավունքները

 ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳ նախարար Թամար Սանիկիձեին: Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանն անրադարձել է Վրաստանում ապրող մեր հայրենակիցների կրթության իրավունքի հետ կապված որոշ հարցերի:

Նախարարը նշել է Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի և հայոց պատմության դասաժամերի խնդիրը: Նախարար Թ. Սանիկիձեն մեկ անգամ ևս հավաստել է, որ հայկական դպրոցներն ազատ են` իրենց հավելյալ դասժամերը տրամադրել հայոց լեզվի և հայոց պատմության դասընթացների կազմակերպմանը, և Վրաստանի ԿԳ նախարարությունն այդ ազատությունը երաշխավորել է : Նախարար Արմեն Աշոտյանը անդրադարձել է նաև հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման գործընթացին` նշելով որ երեք տարի շարունակ Վրաստանում կազմակերպվում է այդ գործընթացը, որի ֆինանսավորման կեսն իրականացնում է ՀՀ ԿԳՆ-ն: Նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել նույն պայմաններով վերապատրաստումների կազմակերպումը:

Տիկին նախարարը նշել է, որ Վրաստանի ԿԳՆ-ն այժմ վերանայում է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը հանրապետությունում, և Հայաստանի նախարարի առաջարկը լիովին համահունչ է իրականացվող գործընթացի սկզբունքներին: Արմեն Աշոտյանն անդարադարձել է նաև հայկական դպրոցներում օգտագործվող դասագրքերի թարգմանության խնդրին` նշելով մի քանի օրինակներ, որոնք օբյեկտիվորեն աշակերտների և ուսուցիչների շրջանում դժգոհություն են առաջացնում: Միաժամանակ նախարարը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է շատ կարճ ժամկետներում և անվճար իրականացնել այդ դասագրքերի խմբագրական աշխատանքները: Տիկին Սանիկիձեն իր հերթին նշել է, որ Վրաստանում մեկնարկել է բոլոր դասագրքերի վերանայման գործընթաց և նախարարի առաջարկը կդիտարկվի այդ գործընթացի համատեքստում: ՀՀ ԿԳ նախարարն անդրադարձել է նաև Վրաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների երեխաների կրթության իրավունքի իրականացման խնդրին, մասնավորապես, անվճար հանրակրթություն ստանալու հետ կապված: Այս խնդրի վերաբերյալ տիկին նախարարը նշել է, որ դա ընդհանրական խնդիր է և վերաբերում է բոլոր օտարերկրյա քաղաքացիներին, ուստի ԿԳ նախարարությունը իրավասու չէ այդ հարցում որևէ որոշում կայացնել: Նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է վրացական կողմին` կազմակերպել փորձագետների ամենամյա համաժողով, որի օրակարգում կլինի ինչպես համագործակցային ծրագրերի արագ քննարկման, այնպես էլ ի հայտ եկած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու հարցերը: Ամփոփելով խոսքը` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայկական համայնքի հետ հանդիպումների ընթացքում հավաստիացրել էր , որ մեր հայրենակիցների բարձրացրած խնդիրները կլինեն նոր իշխանությունների օրակարգում: Ուստի մեր կողմից ներկայացված խնդիրները նաև Վրաստանի գործադիր իշխանության ծրագրերի շրջանակում են: Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանն իր վրաց գործընկերոջը հրավիրել է պատասխան այցով լինել Հայաստանում: