Բավ է պառակտվել
19-01-2015 18:00

Փոքրիկ Սերյոժայի մոտ մի քանի անգամ սրտի կանգ էր գրանցվել

Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6-ամսական Սերյոժայի մոտ մինչեւ մահը մի քանի անգամ սրտի կանգ է գրանցվել. բժիշկները մինչեւ վերջ պայքարել են։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողներին ասաց Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։ Նրա խոսքով՝ առավոտվանից գործընթացին ներգրավված են եղել «Նորք-Մարաշ» եւ «Արաբկիր» ԲԿ-ների համապատասխան մասնագետները։ «Պետք է ցավակցել ոչ միայն ընտանիքին, այլ ամբողջ հայ ազգին»,- ասաց Դալլաքյանը՝ ափսոսանք հայտնելով, որ բժիշկների մեկ շաբաթվա ջանքերը անզոր եղան փրկելու Սերյոժայի կյանքը։ Այս պահին հիվանդանոցում են հավաքվում մահացած երեխայի հարազատները։ Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր էր: Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: